Դեսպան Տոլմաջյանը ներկայացրել է պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

Տոլմաջյան

Ս.թ. հոկտեմբերի 29-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցեց Ֆրանսիայի Բիարից քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացմանը: Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին և ելույթներով հանդես եկան, Բիարիցի քաղաքապետ Մեդեր Արիստոգին, Բայոնի ենթապրեֆեկտ Ֆիլիպ Լը Մուան Սուրզուրը, ինչպես նաև «Ագուր Արմենիա» հայկական կազմակերպության նախագահ Կլեման Պարաքյանը: Միջոցառմանը ներկա էին նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վենսան Բրյուն, մերձակա քաղաքների մունիցիպալ խորհուրդների ներկայացուցիչներ, հասարակական գործիչեր, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Իր ելույթում դեսպան Տոլմաջյանը երախտագիտություն հայտնեց Բիարիցի քաղաքապետին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի տեղադրման կապակցությամբ՝ ընդծելով հիշողության և ոգեկոչման կարևորությունը՝ հանուն Հայոց ցեղասպանության մեկ և կես միլիոն անշիրիմ զոհերի, արցախյան պատերազմի նահատակների, ինչպես նաև՝ ընդդեմ ժխտողականության, որն, անպատժելիության հետ զուգակցված, դուռ է բացում նոր ոճիրների առջև, ինչի ականտեսն եղանք և Արցախյան պատերազմում:

Նույն օրը դեսպան Տոլմաջյանը հանդիպում ունեցավ Բիարիցի քաղաքապետ Մեդեր Արիստոգիի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Բիարիցում առկա փոքրաթիվ, բայց ակտիվ հայ համայնքի դերակատարությանը ինչպես քաղաքի մշակութային, տնտեսական, հասարակական կյանքում, այնպես էլ հայ-ֆրանսիական բարկամական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններում:

Քաղաքապետի խնդրանքով՝ դեսպան Տոլմաջյանը ներկայացրեց 2020թ Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։

--00--ԱԹ