Ֆրանսիայում ու ԵԽ-ում ՀՀ դեսպանները հանդիպել են Ստրասբուրգի քաղաքապետ Ժանն Բարսեղյանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News

Քաղաքական

Հուլիսի 5-ին Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանը աշխատանքային այց է կատարել Ստրասբուրգ քաղաք։ Այցի ընթացքում դեսպանը Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանի հետ միասին հանդիպում է ունեցել Ստրասբուրգի քաղաքապետ Ժանն Բարսեղյանի հետ։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։

«Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ստրասբուրգի քաղաքային իշխանությունների հետ համագործակցությունը սերտացնելու և խորացնելու հնարավորությունները։ Դեսպան Տոլմաջյանը, ի դեմս Ժան Բարսեղյանի, շնորհակալություն հայտնեց Ստրասբուրգի քաղաքային խորհրդին՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմից տուժած հայ քաղաքացիներին տրամադրված հումանիտար օգնության համար։

Այցի ընթացքում Հասմիկ Տոլմաջյանը և Պարույր Հովհաննիսյանը հանդիպեցին նաև Գրանդ-Էստ շրջանի և Բա-Ռեն դեպարատամենտի պրեֆեկտ Ժոզիան Շըվալիեին։ Երկուստեք ընդգծվեց Ստրասբուրգի  և Գրանդ-Էստ  շրջանի հետ համագործակցության սերտացման կարևորությունը։

Դեսպանը ներկայացրեց Արցախի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ սանձազերծված ռազմական ագրեսիայի առաջ բերած աշխարհաքաղաքական և հումանիտար բարդ մարտահրավերները։

Այցի շրջանակներում տեղի ունեցավ նաև հանդիպում Ստրասբուրգի և Գրանդ-Էստ շրջանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

--00--ԿԿ