Եվրոպայում համաճարակը կայունացել է, սակայն նկատելիորեն աճում է աշխարհի այլ հատվածներում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News    

կորոնավիրուս

Կորոնավիրուսով վարակվածների թիվն այսօր հասել է 2 միլիոն 668 հազարի: Հիվանդությունից մինչ այժմ մահացել է 186,260 մարդ: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, մեկ օրում վարակակիրների թիվն աշխարհում ավելացել է ավելի քան 80,000-ով: Ըստ կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ղեբրեյեսուսի, Արեւմտյան Եվրոպայում համաճարակը կայունացել է ու գրանցում է անկում: Սակայն նկատելիորեն աճում է Աֆրիկայում, Կենտրոնական ու Հարավային Ամերիկայում, ինչպես նաեւ Արեւելյան Եվրոպայում: Այս մասին գրել է «Ամերիկայի ձայնը»։

Երկրների մեծ մասը, ըստ գլխավոր տնօրենի, դեռեւս գտնվում են համաճարակի վաղ շրջանում, իսկ որոշ երկրներում, որտեղ վարակը տարածվել էր ավելի վաղ, նկատվում է վարակի տարածման արագության բարձրացում:

Միացյալ Նահանգներում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 850 հազար: Ներկայումս վարակը կրում է 718 հազար մարդ: Մեկ օրում գրանցվել է նոր 1400 դեպք, մահացել է 78 հիվանդ, որոնք ընդհանուր մահացությունների թիվը հասցնում են 47,737-ի, ինչը ամենաբարձր մահացությունների թիվն է ամբողջ աշխարհում: Իտալիայում մահացել է 25,085, Իսպանիայում` 22,157, Ֆրանսիայում` 21,340, Մեծ Բրիտանիայում` 18,738 մարդ:

Վարակի տարածման արագությունը կանխելու մասին հայտարարությամբ հանդես գալով, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ նախագահական հատուկ հրամանագրով 60 օրով դադարեցնում է ԱՄՆ ներգաղթը: Խոսքը վերաբերում է նրանց, ովքեր գտնվում են ԱՄՆ-ից դուրս եւ ցանկանում են ստանալ ԱՄՆ-ում մշտական բնակության իրավունք: Հրամանագիրը չի տարածվում նրանց վրա, ովքեր արդեն իսկ գտնվում են ԱՄՆ-ում եւ ունեն ներգաղթյալի իրենց կարգավիճակը փոխելու մտադրություն:

Ներգաղթը ժամանակավորապես դադարեցնելու հրամանը չի տարածվում նաեւ էական նշանակության աշխատանքներ իրականացնող անձանց, ինչպես օրինակ առողջապահական համակարգում աշխատողների, զինված ուժերում ծառայողների վրա, ինչպես նաեւ որդեգրված անձանց եւ մեծ ներդրումներ իրականացնելու նպատակ ունեցողների վրա:

Հարավաֆրիկյան Հանրապետությունում գրանցվել է մահացության նոր յոթ դեպք, մահացածների ընդհանուր թիվը հասցնելով 65-ի, երկիր, որտեղ կովիդ 19 հիվանդությամբ այս պահին տառապում է 3635 մարդ: Այս երկիրն է հատուկ կերպով նշվում, քանի որ այստեղ տարածման արագությունը գրանցում է նկատելի աճ:

Հնդկաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակակիրների նոր 922 դեպք: Հինգշաբթի օրն այստեղ մահացել է եւս 29 մարդ, այստեղ մահացածների պաշտոնապես գրացված թիվը հասցնելով 681-ի:

Ճապոնիայում վարակակիրների թիվը մեկ օրում ավելացել է 449-ով: Այստեղ այսօր կա կորոնավիրուսով վարակված 11,965 մարդ, երկիր, որտեղ հատկապես քաղաքային հատվածներում վարակի արագությունը շարունակում է թափ հավաքել:

Հայաստանում մինչ այժմ մահացել է 24 մարդ: 10 հիվանդ գտնվում է շատ ծանր վիճակում: Հայաստանն այն երկրների շարքում է, որտեղ վարակակիրների թվի համեմատ մահացությունների տոկոսային հարաբերությունը շատ փոքր է: