Թուրքիան փակում է Եվրոպայի հետ սահմանները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

թուրքիա

Թուրքիան կորոնավիրուսի համավարակի պատճառով փակում է Եվրոպայի հետ սահմանները, որոնք ավելի վաղ բացվել էին փախստականների համար։

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը համապատասխան որոշման մասին շրջաբերական է ուղարկել 81 նահանգների նահանգապետարաններ։ Ըստ այդմ՝ մարտի 19-ից (0:00-ից սկսած) փակվում են Թուրքիայի և Հունաստանի ու Բուլղարիայի միջև եղած ցամաքային սահմանային անցակետերը,  ինչպես նաև դադարեցվում է երկաթուղային կապը։ Միևնույն ժամանակ դադարեցվում են նաև Հունաստանի հետ ծովային ճանապարհով իրականացվող ուղևորափոխադրումները։

Որոշման համաձայն՝ նույն ժամանակ կարգելվի նաև Հունաստանի և Բուլղարիայի քաղաքացիների, ինչպես նաև՝ վերջին 14 օրվա ընթացքում այդ երկրներում եղած երրորդ երկրների քաղաքացիների մուտքը Թուրքիա։ Նշվում է, որ այդ միջոցառումները պայմանավորված են կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով։

Հիշեցնենք, որ Թուրքիան Հունաստանի և Բուլղարիայի հետ իր սահմանները բացել էր 2020թ․ փետրվարի 28-ին՝ փախստականների անցումը դեպի Եվրոպա հեշտացնելու նպատակով։