Վրացական հեղինակավոր ամսագիրն այս տարվա իր առաջին համարն ամբողջությամբ նվիրել է հայ գրականությանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

1134639

Վրաստանում  լույս է տեսել հեղինակավոր հասարակական-գրական «Արիլի» ամսագրի 2024թ. առաջին համարը, որն ամբողջովին նվիրված է հայ գրականությանը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համարում տեղ են գտել հայ դասական և ժամանակակից գրողների, այդ թվում` Նարեկացու, Եղիշե Չարենցի, Պարույր Սևակի, Նահապետ Քուչակի, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Գրիգոր Զոհրապի, Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործություններ, հայ-վրացական հասարակական-գրական կապերին վերաբերող հոդվածներ և հարցազրույցներ։

Համարը լույս է տեսել Վրաստանում ՀՀ դեսպանության և Վրաստանում ՀՀ պատվավոր հյուպատոս Գիորգի Մաիսուրաձեի աջակցությամբ:

Համարում հարցազրույց է հրապարակվել նաև Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի հետ, որը ներկայացնում ենք ստորև․

-Ձեր դիտարկմամբ՝ ո՞րն է գրականության դերը հայ ազգային-մշակութային ինքնության ձևավորման մեջ։

-Դժվար է ասել՝ գրականությունն է ձևավորում ազգային ինքնությունը, թե ազգային ինքնությունը՝ գրականությունը, որովհետև գրականությունը հաճախ հենց ազգային որևէ իրադարձության ծնունդ է։ Իսկ հայ ժողովրդի պատմությունը հարուստ է շրջադարձերով և հիմնականում պայմանավորված է հավատքի, լեզվի ու հայրենիքի համար մղվող պայքարով։ Եթե թերթենք հայ գրականությունը, ապա անմիջապես կբախվենք հայ ժողովրդի պատմությանը։ Գրականությունն, ըստ էության, այդ պատմության գեղարվեստական վերծանումն է ապրումների ու հույզի տեսքով՝ անհաշտություն, մաքառում, երազանք, նկրտում ու ապագայի տեսլական, ասել է թե՝ ազգային ինքնության ձևավորման նախադրյալ։

Այնուամենայնիվ, գլոբալիզացիայի և ինֆորմացիայի ահռելի հոսքի ժամանակներում դժվար է ազգային դիմագիծ պահպանել, որովհետև կամա թե ակամա արտաքին ազդեցություններն իրենց դրոշմն են թողնում ու երբեմն փոխում նաև հունը։ Բայց կարծում եմ, որ մենք՝ փոքր ազգերը, մեր ինքնությամբ ու արժեհամակարգով պետք է փորձենք ամուր պահել մեր դիրքն աշխարհում, իհարկե, ժամանակին համահունչ քայլելով, քանի որ այո՛, մենք մեր գրականության ստեղծողն ենք, բայց ինչպես բոլոր ազգերը՝ միայն մենք չենք այն ընթերցողն ու գնահատողը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ