Փաստաբանները նամակներ են փոխանցել ՀՀ-ում գտնվող դեսպանություններին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

մել.

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը տեղեկացնում է.

«Հինգ փաստաբան-իրավապաշտպանների (Վարազդատ Հարությունյանի, Արսեն Բաբայանի, Վահան Հովհաննիսյանի, Սերգեյ Հարությունյանի ու իմ) անունից նամակներն այսօր փոխանցել ենք Հայաստանում ԵՄ-ի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, Լեհաստանի, Բելգիայի, Նիդերլանդների, Չեխիայի, Լիտվայի դեսպանություններին։ ԱՄՆ դեսպանությունից հրաժարվեցին նամակն ընդունել՝ առաջարկելով այն ուղարկել փոստով։

Նամակում մասնավորապես ասված է.

«Մենք հանդիսանում ենք Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հետապնդումների ենթարկվող քաղաքացիների իրավունքների պաշտպանության ոլորտում ակտիվ գործունեություն իրականացնող փաստաբաններ։

Մեր փորձը մեզ բերել է այն ցավալի հետևության, որ վերջին ժամանակներում ՀՀ իշխանությունները գնալով սաստկացնում են քաղաքական գործոնով պայմանավորված ապօրինությունները, հատկապես՝ քաղաքական ընդդիմախոսների հիմնազուրկ կալանավորումները, և մեր ընկալմամբ՝ այդ գործընթացի պատճառներից մեկն այն է, որ Եվրոպական կառույցներն այլևս պատշաճ ուշադրություն չեն դարձնում ՀՀ-ում մարդու հիմնարար իրավունքների հարցերին։ Մինչդեռ այդ հարցը միշտ շոշափելի դեր է ունեցել Հայաստան-Եվրոպա հարաբերությունների օրակարգում։ Հայ հասարակության մոտ տպավորություն է ստեղծվում, որ ժողովրդավարական արժեքների ջատագովի համբավ ավանդաբար ունեցող Եվրոպական կառույցներն ու երկրները, նախապատվություն տալով որոշակի քաղաքական շահերի, գերադասում են աչք փակել ու համարժեք չարձագանքել քաղաքական շարժառիթ ունեցող մեծաթիվ ապօրինություներին, որոնք կատարվում են ՀՀ իշխանությունների կողմից։

Նշվածը հիմք ընդունելով ու առաջնորդվելով մարդու իրավունքների գերակայության սկզբունքով՝ Ձեզ դիմում ենք հանդիպման խնդրանքով, որի ընթացքում կներկայացնենք ՀՀ-ում քաղաքական հետապնդումների վերաբերյալ բազմաթիվ փաստեր։ Հուսով ենք, այդ տեղեկատվությունը օգտակար կլինի՝ գնահատելու Հայաստանի իշխանությունների իրական վերաբերմունքը ժողովրդավարական արժեքներին և դրանց նկատմամբ նվիրավածության մասին հավաստիացումների անկեղծ կամ կեղծավոր լինելը»։

--00—ԼՀ