Հենրիխ Մխիթարյանի ինքնակենսագրականը պատրաստ կլինի մինչև տարեվերջ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

ֆֆ

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Ինտեր»-«Բավարիա» պատասխան խաղից առաջ «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ լրագրողների հարցերին պատասխանելու էր եկել իտալական թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը գերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ում խաղալու տարիներին մյունխենցիների դեմ հանդես գալու փորձ ունի։ «Արմենպրես»-ին հաջողվեց մամուլի ասուլիսից հետո մի քանի առանձին հարց ուղղել Հենրիխ Մխիթարյանին։ 

-Կուզենայի նշել, որ «Բորուսիա»-ում խաղալիս հաճախ «Բավարիա»-ի դեմ պայքարը շատ ծանր է եղել ու անհավասար. մյունխենցիները մշտապես կանգնել են Ձեր հաջողության ճանապարհին։ Այժմ, հաշվի առնելով հանգամանքը, որ Ինտերը հաղթել է Մյունխենում, ի՞նչ ակնկալիքներ ունեք այս մրցակցությունից վաղը։

-Սկսենք նրանից, որ «Դորտմունդ»-ում խաղացել եմ ավելի քան տասը տարի առաջ։ Այն ժամանակ ֆուտբոլը լիովին այլ էր։ Իսկապես այլ էր։ Այժմ հանդես եմ գալիս «Ինտեր»-ում,  սա այլ թիմ է, այլ միջավայր է, իսկ ֆուտբոլը վերջին տարիներին շատ է փոխվել։ Բավարական թիմը նույնպես լիովին այլ թիմ է այժմ։ Ինքս էլ խաղում եմ այլ դիրքում. իմ դերը այլ է «Ինտեր»-ում։ Շատ բան է փոփոխվել։ 

«Դորտմունդ»-ում խաղալիս ունեցել եմ և՛ հաջողություններ, և՛ անհաջողություններ «Բավարիա»-ի դեմ խաղերում, սակայն վաղվա խաղում (խմբ. հարցազրույցն անցկացվել է ապրիլի 15-ին) լիովին այլ է լինելու պատկերը։ Իրավիճակն այժմ ուրիշ է։ Խաղալով Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Բավարիա»-ի դեմ՝ հայտնվում ես այլ դրության մեջ. սա առաջնության խաղ չէ։ Պետք է ինքս ամեն ինչ անեմ, թիմը նույնպես պետք է ամեն ինչ անի վաղը հաղթելու և հաջորդ փուլ դուրս գալու համար։ Դա բոլորիս երազանքն է։ Մենք ուզում ենք հնարավորինս առաջ գնալ այս մրցաշարում։ 

-Խոսենք Ձեր ֆիզիկական վիճակի մասին։ «Ինտեր»-ը պայքարում է բոլոր ուղղություններով՝ Իտալիայի գավաթ, Չեմպիոնների լիգա, Սերիա Ա… Անցած խաղին ընդհանրապես րոպեներ չստացաք Իտալիայի առաջնությունում։ Հաշվի առնելով, որ արդեն 36 տարեկան եք՝  լինո՞ւմ է իրավիճակ, երբ խորհրդակցում եք գլխավոր մարզչի հետ, թե որ խաղին որքան կարող եք խաղալ կամ. գուցե, չարժե խաղալ։ Ինչպե՞ս եք պահպանում ֆիզիկական պատրաստվածությունը։ 

-Երբեք իմ ու գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի միջև այդպիսի հարց չի առաջացել, քննարկում չի եղել։ Պե՞տք է խաղամ, թե՞ ոչ, ո՞ր խաղում արժե խաղալ, իսկ որ խաղում մի փոքր հանգստանալու հնարավորություն ստանալ, իմ որոշելիքը չէ։ Ընդհակառակը, ես պատրաստ եմ խաղալ բոլոր խաղերում։ Այո, առանձին հնարավոր է մարզչի կողմից որոշում իմ՝ այս կամ այն մրցավեճում խաղալու մասին, ինչպես եղավ անցած շաբաթ Իտալիայի առաջնությունում (խմբ. Մխիթարյանը չի խաղացել «Կալյարի»-ի դեմ՝ մնալով պահեստայինների նստարանին)։ Ինձ հետ ոչինչ չէր խորհրդակցվել այդ խաղի մասով։ Ես այն իրավիճակում չեմ, որ կարողանամ մարզչին հարցնել, թե ինչու չեմ խաղացել, կամ ինչու չեմ սկսում մեկնարկային կազմում։ Ինքս պատրաստ եմ ակումբին և թիմին օգնել ցանկացած իրավիճակում, քանի որ զգում եմ՝ 36 տարեկանում այդքան էլ հեշտ չէ ֆիզիկապես, բայց ես փորձում եմ լավագույնս ինձ դրսևորել։ Կարողանում եմ այնպես հոգ տանել իմ մասին, որ հնարավոր լինի ֆիզիկապես պատրաստ լինել 90 րոպե խաղալու։ Ընդհանրապես, խնդիր չկա խաղալու-չխաղալու մասով. եթե ես չեմ խաղում, կխաղա ուրիշ մեկը։ Եթե նա պատրաստ չէ, թիմում կան բավականին ֆուտբոլիստներ։ Մենք փորձում ենք իրար օգնել «Ինտեր»-ում։

Խաղում ենք երեք ուղղությամբ, ինչպես ասացիք, ու հենց թիմին նվիրվածության, միմյանց փոխօգնության շնորհիվ է, որ մենք հասել ենք այստեղ։ Այսօր ապրիլի 15-ն է, բայց մենք պայքարում ենք բոլոր հնարավոր տիտղոսների համար։ Պետք է շարունակենք նույն ոգով։ 

 

-Ժամանակին նշել էիք, որ հետևում եք Հայաստանի առաջնությանը։ Երեկ առաջնության թիմերից «Նոա»-ն նոր ռեկորդ գրանցեց, տեղյա՞կ եք։

-Լուիջի՛ (խմբ. իտալերենով դիմում է ակումբի մամուլի քարտուղարին), պայմանավորվե՞լ էիք, որ միայն «Ինտեր»-ի մասին եմ խոսելու, չէ՞։ Կներե՛ք, բայց չեմ մեկնաբանի (ծիծաղում է)։ 

-Հենրիխ, ևս մեկ հարց. այսօր հանդիպեցի Ձեր ինքնակենսագրականի հեղինակ Ալեսանդրոյին (Alessandro Alciato, հեղինակել է Կառլո Անչելոտիի, Անդրեյ Շևչենկոյի, Անդրեա Պիրլոյի և այլոց ինքնակենսագրական գրքերը)։ Պատմեց, որ գիրքն արագ տեմպերով առաջ է գնում։ Ե՞րբ կհրատարակվի։

-Կարող եք դիմել հրատարակչական կազմակերպությանը, նրանք կարող են Ձեզ ավելի հստակ տվյալներ և օրեր ասել, բայց կարծում եմ՝ մինչև տարեվերջ։ Այս պահին կոնկրետ օր չեմ կարող ասել, գուցե, հոկտեմբերին։ 

Մարզական լրագրող Ալեսանդրո Ալչիատոյի հետ կարճ խոսակցությունից հետո պարզ դարձավ, որ Հենրիխ Մխիթարյանի ինքնակենսագրական գիրքը, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինի այս տարեվերջին և հոկտեմբերին Իտալիայում կայանալիք գրքի փառատոններից մեկին (Վենետիկում) կներկայացվի հանրությանը։ Գիրքը կլինի իտալերեն, սակայն օրիգինալ խմբագրության հետ մեկտեղ լույս կտեսնեն նաև հայերեն և անգլերեն տարբերակները։


--00--ԱՀ