Բաքվի հայերի ջարդերն Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության ամենաարյունալի դրսևորումներից են. Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

դավիթ բաբայան

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար, փորձագետ Դավիթ Բաբայանը Բաքվի հայերի ջարդերը Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականության դրսևորումներից և ամենաարյունալի դեպքերից մեկն է համարում: 

Բաքվի հայերի ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ «Արմենպրես»-ի հետ զրույցում նախկին պաշտոնյան ընդգծել է, որ 1990 թ. հունվարի 13-ը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական և սև էջերից մեկն է: 

«Այդ օրը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում սկսվեցին հայերի զանգվածային ջարդերը:  Պետք է լինենք միասնական, ճիշտ քաղաքականություն վարենք, կիրթ և հայրենասեր հասարակություն ձևավորենք. միայն այդ դեպքում հնարավոր կլինի խուսափել Բաքվում տեղի ունեցած ջարդերի նման ծանր փորձություններից»,- ասել է Բաբայանը:

Ըստ պաշտոնյայի՝ տասնամյակներ շարունակ Ադրբեջանի կողմից իրականացվել են  հայաթափման ծրագրեր, ու Բաքվի ջարդերն էլ Ադրբեջանի կողմից իրականացվող  ցեղասպան քաղաքականության ամենաարյունալի դեպքերից են  եղել:

«Սա մեր ամենացավոտ թեմաներից մեկն է, և, ցավոք սրտի, միջազգային հանրության կողմից որևէ պատշաճ գնահատականի չի արժանացել, այդ իսկ պատճառով Ադրբեջանը առ այսօր շարունակում է իր քաղաքականությունը: Եվ այսօր Արցախի շրջափակումն այդ նույն ցեղասպան քաղաքականության մի դրսևորում է»,- ասել է Դավիթ Բաբայանը:

Նա ընդգծեց, որ կան բազմաթիվ խնդիրներ, և  հայ ժողովրդի առջև կանգնած է 4 կարևորագույն համազգային խնդիր՝ Արցախի ճակատագիրը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, հայ ազգային ինքնության պահպանումը Սփյուռքում և Սևանա լճի փրկությունը:

«Հաշվի առնելով, որ ամենավտանգվածը  այս պահին Արցախն է, հետևաբար արցախակենտրոնությունը պետք է լինի գլխավոր արտաքին քաղաքական հրամայականը, գոնե կարճատև ժամանակահտված, որպեսզի այս ճգնաժամային իրավիճակից   կարողանանք դուս գալ»,- ասել է նա:

Անդրադառնալով այն հարցին, թե Բաքվի ջարդերի հետևանքով տուժած քաղաքացիների իրավունքների վերականգնման առումով ինչպիսի քայլեր պետք է կատարվեն, Բաբայանը նշել է, որ առաջին հերթին պետք է քաղաքական. պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին և կիրառել պատժամիջոցներ, բայց միջազգային հանրությունը դժվար թե այս պահին, իր իսկ  շահերից ելնելով, գնա այդ քայլին:

«Բայց գոնե մենք պետք է հասկանանք ում հետ գործ ունենք, ի՞նչ է Ադրբեջան պետությունը, որովհետև չկան լավ և վատ  ժողովուրդներ, կան վատ և վտանգավոր պետություններ: Դրա համար իլյուզիաներով չպետք է ապրենք. Ադրբեջանն ու Թուրքիայի մեղմ ասած մեր բարեկամները չեն»,- ասել է նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

--00—ԼՄ