Դատավոր Բախշիյանի գործը փլուզվել է. ամիսներ շարունակ կալանքի տակ պահելուց հետո մեղադրանքը փոխվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

Բորիս Բախշիյան դատավոր

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, իսկ մինչ այդ նրան առաջադրված մեղադրանքը վերաորակվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեց դատավոր Բորիս Բախշիյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվում է Նիկոլ Փաշինյանի աջակից Նվեր Մկրտչյանին կալանավորելու որոշում կայացնելու համար։ Ըստ նախաքննական մարմնի նախնական վարկածի, Մկրտչյանի կալանավորումն ակնհայտ ապօրինի է, թեեւ ամբաստանյալն ինքը չէր ներկայացել դատական նիստին՝ դրսևորելով ոչ պատշաճ վարքագիծ։

Դատավորին ի սկզբանե մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով՝ անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք։ Վարույթն իրականացնող մարմինը որպես ծանր հետևանք էր դիտարկել այն հանգամանքը, որ ամբաստանյալ Մկրտչյանի կալանավորումից հետո «Գորիս» ՔԿՀ-ում իբրև ազդեցություն է գործադրվել վերջինիս նկատմամբ, ինչով հարկադրել են փոխել ցուցմունքը, ինչն էլ հանգեցրել է նրան, որ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինվի գրավով։ Այժմ Բախշիյանի մեղադրանքը վերաորակվել և մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 348-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ակնհայտ ապօրինի կալանավորելու հատկանիշներով։ Այլ խոսքով՝ կամ իրավապահներն, ի վերջո, հասկացել են, որ դատավորը կալանավորման որոշումը կայացնելիս՝ որևէ կերպ չէր կարող նախապես իմանալ կամ որևէ կապ ունենալ ամբաստանյալի նկատմամբ ՔԿՀ-ում ենթադրաբար գործադրվելիք ազդեցության և ցուցմունք փոխելու հետ։ Եթե, իհարկե, բացառենք, որ ի սկզբանե դա գիտակցում էին, պարզապես այդպես էլ պետք դատավորին կալանավորելու եւ այդպիսով մի շարք այլ դատավորների վախը բռնելու համար։

Նկատենք, որ քրեական գործն ի սկզբանե հարուցվել էր ցուցմունքը փոխելուն հարկադրելու հատկանիշներով և, ըստ էության, քրեական գործը փլուզվեց։ Ընդ որում՝ դատավորի նկատմամբ քողարկված քննություն է իրականացվել՝ առանց ԲԴԽ համաձայնությունը ստանալու, այսինքն՝ առանց դատավորի անձեռնմխելիությունը հաղթահարելու։

Ինչպես ավելի վաղ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել էր փաստաբան Երեմ Սարգսյանը, դեռևս հունվարի 11-ից արդեն քննիչի զեկուցագիր կար, որ իր պատկերացմամբ Բախշիյանի կողմից հնարավոր է հանցանք է կատարվել, ինչը ենթադրում էր, որ պետք է քրեական գործ հարուցվեր, սակայն դրա համար անհրաժեշտ էր դիմել ԲԴԽ՝ համաձայնություն ստանալու համար, ինչը չի կատարվել և փորձել են օրենքը շրջանցել, քննել են այլ քրեական գործ՝ փորձելով Բախշիյանի վերաբերյալ ապացույցներ ձեռք բերել, դրանից հետո մեկ այլ գործ են հարուցել՝ ցուցմունք տալուն հարկադրելու մասով, դրանով են փորձել համաձայնություն ձեռք բերել։ Այսինքն՝ առանց դատավորի անձեռնմխելիության հաղթահարման, այն է՝ ԲԴԽ համաձայնության՝ դատավորի նկատմամբ քողարկված քննություն է իրականացվել, ինչը ենթադրում է, որ ձեռք բերված ապացույցներն անթույլատրելի են, գործն էլ՝ կարճման ենթակա։

Այս առնչությամբ «Փաստինֆո»-ն հետաքրքրվեց դատավորից՝ արդյո՞ք հնարավոր է, որ միջնորդեն՝ կարճելու գործի վարույթն ընդհանրապես, որովհետև եթե քրեական գործի հարուցումն ի սկզբանե օրինական չէ, հետապնդում իրականացվել չի կարող՝ դատավորը դրական արձագանքեց՝ նշելով, որ կմիջնորդեն։

«Հիմա նյութերին ծանոթանալու փուլում ենք, դրանից հետո , երբ կհրապարակենք այսպես կոչված նախաքննության արդյունքները, բոլորն ավելի փաստարկված կհամոզվեն այն բանում, ինչ հայտարարում էինք ԲԴԽ նիստից սկսած բոլոր պրոցեսներում»,- նշեց Բորիս Բախշիյանը։

--00--ԱՀ