«Սիսիան-Քաջարան» նախագիծը մի քանի 100 մլն դոլար է․ ՀՀ պատմության մեջ նման մասշատբի ներդրում չի եղել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

Կառավարության՝ փետրվարի 17-ի նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ այսօր հայտարարվել է «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի՝ Սիսիան-Քաջարան հատվածի նախաորակավորման մրցույթ, ապա ընդգծել, որ այն մեծ նշանակություն ունի ռազմավարական առումով։

«Մենք 1-ին փուլում հրավիրում ենք այն կազմակերպություններին, որոնք կարող են կամ հայտ են ներկայացնում՝ այդ ճանապարհի շինարարությունը իրականացնելու։

Գիտեք, որ նախագծի արժեքը մի քանի 100 միլիոն դոլար է, և այս մասշտաբի ներդրումային ծրագիր, ըստ էության, Հայաստանի անկախության պատմության մեջ չի իրականացվել»,-ասել է վարչապետը և հավելել, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեմայով քննարկումների արդյունքում Հյուսիս-հարավ նախագիծը վերաձևակերպվել է, դարձել «Հյուսիս-հարավ-արևելք-արևմուտք» նախագիծ։