Մեղադրանքներ՝ Աբովյանի համայնքապատկան հողամասերի օտարման չարաշահումների քրգործով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News 

դատախազություն

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019թ․ դեկտեմբերի 28-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Աբովյանի համայնքապետարանի, ՀՀ ԿԱ կադաստրի կոմիտեի Կոտայքի մարզային ստորաբաժանման և Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահումներ թույլ տալու դեպքի առթիվ, որով հետագա նախաքննության կատարումը ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է ՀՀ ՀՔԾ քննիչների վարույթին։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Աբովյանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ համայնքին պատկանող 5,9 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը 2011թ․ սեպտեմբերի 7-ին ՀՀ ԿԱ կադաստրի կոմիտեի Կոտայքի մարզային ստորաբաժանումում գրանցվել է որպես Աբովյան համայնքի սեփականություն՝ բնակավայրերի հասարակական կառուցապատման» նպատակային նշանակությամբ։ Հետագայում հողատարածքում կատարվել է պարսպապատում, կառուցվել է պահակատուն, որոնք ևս գրանցվել են որպես Աբովյան համայնքի սեփականություն:

2014թ․, սակայն, Աբովյանի քաղաքապետարանի լիազոր ներկայացուցիչ Մ․Հ-ն, պայմանագրային հիմունքներով իրենց հետ համագործակցող՝ չափագրմամբ և հաշվառմամբ զբաղվող ՍՊԸ-ի աշխատակիցներին ներկայացնելով հողատարածքը շինություններով ծանրաբեռնված չլինելու վերաբերյալ տեղեկատվություն, հորդորել է առանց ուսումնասիրություններ ու ստուգումներ կատարելու, տրամադրել եզրակացություն՝ հիշյալ 5,9 հա հողամասը շենք-շինություններով ծանրաբեռնված չլինելու և գյուղատնտեսական նպատակային նշանակություն ունենալու վերաբերյալ։ Ապա այն ստանալով՝ ներկայացրել է Կադաստրի Աբովյանի տարածքային ստորաբաժանում և վերագրանցել հողի նկատմամբ սեփականության իրավունքը՝ որպես գյուղատնտեսական նշանակության»: 2014թ․ սեպտեմբերի 29-ին հողամասը կադաստրային 420.500 ՀՀ դրամ արժեքով, Աբովյանի քաղաքապետարանի համապատասխան անձանց միջոցով կազմակերպված ձևական աճուրդի միջոցով օտարվել է մի քաղաքացու՝ որպես շինություններով չծանրաբեռնված հողատարածք:

Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ նշված հողամասը փաստացի տնօրինել է Աբովյանի նախկին քաղաքապետ Կ․ Գ․-ն, իսկ գործարքներին ակտիվ մասնակցություն է ունեցել վերջինիս օգնական Մ․Հ․-ն:

Բացի այդ, պարզվել է, որ ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ Կոտայքի մարզային ստորաբաժանման ղեկավար Դ․Գ․-ն 2014թ․ապրիլին, առանց իրավական հիմքի, ստորաբաժանման աշխատակցին հանձնարարել է Աբովյան համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցված 10,05 հա բնակավայրերի նպատակային նշանակության» բնակելի կառուցապատման՝ խորհրդային տարիներից բազմաբնակարան շենքերի կառուցման նպատակով կատարված անավարտ շինություններով ծանրաբեռնված հողամասի նպատակային նշանակությունը փոխել «գյուղատնտեսականի»։ Դրա հիման վրա 2014թ․մայիսի 14-ին, հաշվի առնելով արդեն կադաստրային քարտեզում անհիմն կատարված փոփոխությունը՝ նշված հողամասի նկատմամբ գրանցվել է Աբովյան համայնքի սեփականության իրավունքը՝ որպես գյուղատնտեսական նշանակության:

Ապա Աբովյան համայնքի ավագանին, հաշվի առնելով քաղաքապետ Կ․ Գ․-ի առաջարկը, որոշում է կայացրել նշված 10.05 հա հողամասն աճուրդով օտարելու մասին` աճուրդի մեկնարկային գինը կադաստրային արժեքով մեկ հեկտարի համար 29.400.000 ՀՀ դրամի փոխարեն հաշվարկելով 67.500 ՀՀ դրամով:

Այնուհետև, Աբովյանի քաղաքապետ Կ․Գ․-ն, հանդիսանալով համայնքային հողերի աճուրդների կազմակերպիչ, ձևական աճուրդի միջոցով նշված հողամասը առուվաճառքի պայմանագրով ընդամենը 712.400 ՀՀ դրամով օտարել է ՍՊԸ-ին:

Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ գնորդ ընկերությունը փաստացի պատկանել է Կ․Գ․-ին, 2015թ․մարտի 17-ին նշված ընկերության 50 տոկոս բաժնեմասերը գրանցվել են Կ․Գ․-ի հետ փոխկապակցված անձ Վ․Հ․-ի կնոջ անվամբ: Ընդ որում, 5.9 հա հողամասի մի մասը ևս փոխանցվել է Վ․ Հ․-ի որդուն:

2020թ․հունիսի 16-ին ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ Կոտայքի մարզային ստորաբաժանման ղեկավար Դ․Գ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կ․Գ․-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ նշված 10.05 հա հողամասը գտնվում է ոչ թե տվյալ համայնքի համար սահմանված տարածագնահատման 8-րդ, այլ՝ 7-րդ գոտում, որտեղ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) հողամասերի օտարման նպատակով 1 հա հողամասի կադաստրային արժեքը կազմում է ոչ թե 29.400.000 ՀՀ դրամ, այլ՝ 45.240.000 ՀՀ դրամ: Այսինքն, ենթադրյալ հանցագործությամբ համայնքին պատճառվել է ոչ թե 294.757.600 ՀՀ դրամի, այլ 453.949.600 ՀՀ դրամի վնաս:

2020թ. հունիսի 25-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կ․Գ-ին առաջադրված մեղադրանքը, վերոնշյալի հետ կապված, փոփոխվել է:

ՀՀ քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել նաև Աբովյան համայնքի նախկին լիազորված անձ Մ․Հ-ին:

Հանցագործությամբ պատճառված 453.949.600 ՀՀ դրամ վնասից մեղադրյալներ Դ․Գ․-ի և Կ․Գ․-ի կողմից ՀՀ ՀՔԾ դեպոզիտային հաշվին է փոխանցվել 390.757.600 ՀՀ դրամ: Նախաքննության ընթացքում վերը նշված հողատարածքների վրա դրվել է արգելանք՝ դրանց հնարավոր օտարումը բացառելու նպատակով։

Պատշաճ դատախազական հոկողության պայմաններում քրեական գործով նախաքննությունը ՀՀ ՀՔԾ-ում շարունակվում է։ Ձեռնարկվում են քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ 5.9 հա հողամասի օտարման օրինականությունը պարզելու, 10.05 հա հողամասի օտարման գործընթացում ենթադրյալ չարաշահումների հանգամանքները, դրանց կատարմանը մասնակցություն ունեցող անձանց պարզելու ուղղությամբ:

--0--ԱՀ