ՀՀ վարչապետի որոշմամբ չեղարկվել են մի շարք պատվիրակությունների արտասահմանյան գործուղումներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

փաշինայան

ՀՀ վարչապետի երեկվա եւ այսօրվա որոշումներով ուժը կորցրած են  ճանաչվել ՀՀ մի  շարք պատվիրակությունների արտասահմանյան գործուղումներ: Մասնավորապես, ուժը կորցրած է ճանաչվել Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին եւ նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանին Ֆրանսիայի Հանրապետություն գործուղելու մասին որոշումը:

Ռուստամ Բադասյանը եւ Քրիստիննե Գրիգորյանը վարչապետի մարտի 2-ի որոշմամբ մարտի 25-28-ը գործուղվելու էին Փարիզ՝ Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում Հակակոռուպցիոն ցանցի բարձր մակարդակի, ինչպես նաև Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Հակակոռուպցիոն ցանցի ղեկավար խմբի հանդիպումներին մասնակցելու նպատակով:

Վարչապետի երեկվա որոշմամբ չեղարկվել է նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ պատվիրակություն գործուղելու մասին որոշումը։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, պատգամավոր Սոնա Ղազարյանը եւ այլոք ԱՄՆ պետք է մեկնեին՝ Միավորված ազգերի կազմակերպության Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 64-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:

Նույն օրվա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել նաեւ Լենա Նանուշյանին Դանիայի Թագավորություն գործուղելու մասին որոշումը։ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը գործուղղվելու էր Դանիայի Թագավորություն (Կոպենհագեն)` Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի 27-րդ մշտական կոմիտեի երրորդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:

Թեեւ ՀՀ Կառավարությունից, Արդարադատության նախարարությունից, ԱԳՆ-ից դեռ չի հաջողվել պաշտոնական պարզաբանում ստանալ, սակայն ենթադրելի է, որ գործուղումների չեղարկումը պայմանավորված է կորոնավիրուսի տարածմամբ:

Ինչպես հայտնի է՝ այս օրերին աշխարհում բազմաթիվ միջոցառումներ են չեղարկվում, ավիաընկերությունները հայտնում են չվերթների ժամանակավոր դադարեցման մասին եւ այլն, որոշ երկրներ փակում են մուտքը՝ այլ երկրների քաղաքացիների առաջ եւ այլն:

Մասնավորապես, օրինակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այսօր հայտարարել է, որ Եվրոպայի հետ ԱՄՆ ցանկացած կապ, ներառյալ ծովային եւ օդային փոխադրումը, 30 օրով փակվում է։ Նպատակը կորոնավիրուսի տարածման դեմ պայքարն է։