ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News
Իսրայելը ապրիլի 2-ին երեկոյան մի շարք օդային հարվածներ է հասցրել Սիրիային: Կարճ ժամանակ անց իսրայելցի նախարարներից հայտարարություններ եղան Սիրիայում Թուրքիայի ներկայությունից իրենց մտահոգության մասին: Արտաքին գործերի նախարարությունը արձագանքեց իսրայելական նախարարների հայտարարություններին: Այս մասին հայտնում է Էրմենիհաբերը:
Իսրայելական ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Համայի ռազմական օդանավակայանը, Հոմսի T4 ռազմական օդանավակայանը և մայրաքաղաք Դամասկոսի շրջանում ռազմական ենթակառուցվածքները: Իրականացվել է առնվազն 14 օդային հարված:
Սիրիայի կառավարությունը հայտարարել է, որ հարձակումների հետևանքով զոհվել է 9 մարդ: Իսրայելական բանակը հաստատել է հարձակումները՝ նշելով, որ թիրախավորվել են Ասադի ռեժիմից մնացած ենթակառուցվածքները և զենքերը:
«The Jerusalem Post» թերթի հետ զրուցած իսրայելցի պաշտոնյան պնդել է, որ վերջին օդային ռմբակոծման հիմնական նպատակը Թուրքիային ուղերձ հղելն էր․ այն է՝ «Սիրիայում ռազմական բազաներ մի՛ հիմնեք և մի՛ միջամտեք Իսրայելի գործունեությանը այդ երկրում»:
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը նշել է. «Օդուժի գործողությունները T4-ի, Համայի և Դամասկոսի ուղղությամբ պարունակում են հստակ ուղերձ և զգուշացում ապագայի համար»:
Իսկ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը հայտարարել է, որ մտահոգված են տարածաշրջանում, հատկապես Սիրիայում և Լիբանանում, Թուրքիայի խաղացած դերից:
--00--ԱՀ