Հայկական ԱԷԿ է այցելել ՀՀ-ում ԵՄ դեսպանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

յ.j

Ապրիլի 17-ին Հայկական ԱԷԿ է այցելել ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությունը:

Դեսպանին ուղեկցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության՝ համագործակցության և քաղաքական հարցերի գծով պատասխանատու աշխատակիցներ:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ՄԱԿ կոմիտեի նախագահի պարտականություններ կատարողը, ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը, AOSA (Armenian On-Site Assistance) ծրագրի փորձագետը և ՀԱԷԿ-ի ղեկավարությունը:

Հայկական կողմը համառոտ ներկայացրել է ՀԱԷԿ-ի շահագործման պատմությունը և անվտանգության ցուցանիշները: Այնուհետև ՀԱԷԿ-ի հրապարակում Եվրոպական միության օգնության ծրագրի փորձագետը հյուրերին ներկայացրել է ԵՄ աջակցությամբ ՀԱԷԿ-ում իրականացված և իրականցվող նախագծերը:

Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը: 1995 թվականից սկսած՝ ՀԱԷԿ-ին ցուցաբերվել է շուրջ 60 մլն ԱՄՆ դոլարի օգնություն, որն ուղղված է եղել կայանի հուսալիության և անվտանգության բարձրացմանը:

Հանդիպման ավարտին պատվիրակության անդամները շրջայց են կատարել ՀԱԷԿ-ի որոշ արտադրական տարածքներում, որտեղ նրանց ուշադրությանն են  ներկայացվել հատկապես այն սարքավորումներն ու համակարգերը, որոնք ներդրվել են ԵՄ օգնության շրջանակներում:

Դեսպանը ՀԱԷԿ-ի ղեկավարներին շնորհակալություն է հայտնել կազմակերպված այցի և ջերմ ընդունելության համար և հավաստիացրել, որ կգործադրվեն բոլոր ջանքերը՝ հետագայում ևս ապահովելու հաստատուն համագործակցություն և աջակցություն:

--00—ԼՀ