ԵՄ-ն հնարավոր է համարում ահաբեկչության դեմ պայքարում ՌԴ-ի հետ համագործակցության վերսկսումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

1133217

Եվրամիությունը, գուցե, չհրաժարվի ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության վերսկսումից, եթե Մոսկվան հանդես գա համապատասխան առաջարկությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն։

Նա պատասխանել է լրագրողի հարցին, թե Եվրամիության և Ռուսաստանի Դաշնության միջև հնարավոր է արդյոք համագործակցություն ահաբեկչության դեմ պայքարում՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո:

«Եթե Ռուսաստանը հանդես գա վստահության արժանի առաջարկով, որն ունի ռացիոնալ հիմք և համապատասխանում է միջազգային կանոններին, ԵՄ-ն, հնարավոր է, չասի՝ ոչ», - Ստանոյի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Մարտի 22-ի երեկոյան, «Պիկնիկ» խմբի համերգի սկսվելուց առաջ «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահ էին մտել զինված տղամարդիկ և կրակ բացել համերգասրահի այցելուների ու անձնակազմի վրա։ Կրակոցներին հաջորդել էին պայթյուններ ու հրդեհ։ Ըստ վերջին տվյալների` զոհվել է 137, վիրավորվել՝ 182 մարդ։ ՌԴ իշխանությունները հայտնել են 11 մարդու ձերբակալության մասին, այդ թվում՝ բոլոր չորս կասկածյալների, որոնք անմիջականորեն մասնակցել են ահաբեկչության իրագործմանը։ Նրանք Տաջիկստանի քաղաքացիներ են։

--00—ՅՄ