Կոնսերվատորիայի հետ իրար հասկանալու խնդիր ունենք, բայց բուհերի միավորման ծրագիրն օրենք է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

Նախ պետք է հիշենք, որ մենք նախորդ տարի հուլիսին հայտարարություն էինք հրապարակել, որտեղ պարզ ներկայացնում էինք, որ առաջիկայում՝ կրթության զարգացման մինչև 2030թ-ի ծրագրով նախատեսված է բուհերի խոշորացում, որի  կոնտեքստում քննարկումներ ենք սկսում։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողների և դասախոսների դժգոհությանը։

Նախարարը  նշեց, որ առաջարկվել է բուհերին իրենց առաջարկները ներկայացնել, հիմա ձևավորել են աշխատանքային խմբեր բոլոր ուղղություններով։

«Արվեստների ուղղությամբ էլ կայացել է արդեն քննարկում, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ներկայացուցիչները նույնպես ներկա են եղել քննարկմանը։ Մենք շատ պատրաստակամ ենք այդ բարդ գործընթացին բոլոր եղած կարծիքները լսել»,- ասաց նա։

«Կոնսերվատորիայի հետ իրար հասկանալու խնդիր ունենք, բայց բուհերի միավորման ծրագիրն օրենք է»,- ասաց նախարարը։

Հիշեցնենք` օրերս ԶԼՄ–ներում լուր տարածվեց, թե Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան փակվում է։ Ռեկտորը հայտարարեց, որ նման բան չկա, ուղղակի հիմնանորոգում են կիսով չափ։

Ավելի ուշ ԿԳՄՍՆ–ն հայտարարություն տարածեց` նշելով, որ Հայաստանում նախատեսված են բուհական կրթության 6 ուղղություններ՝ արվեստների, կրթական, բժշկական, դասական, տեխնոլոգիական, սպայական, ու ստեղծված են համապատասխան աշխատանքային խմբեր, որոնց հետ կքննարկվեն բուհերից ստացված առաջարկներն ու դիտարկումները՝ բուհերի միավորման-խոշորացման վերաբերյալ։

--00—ՅՄ