Կենտ օրերին ՆԱՏՕ-ի հետ ենք, զույգ օրերին՝ ՀԱՊԿ-ի, չենք կողմնորոշվում՝ ում դաշնակիցն ենք

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Ադրբեջանի բնակչության 30 տոկոսը հայ է եղել, Բաքուն չպետք է «Պանդորայի արկղը» բացի, մենք էլ կարող ենք պահանջներ ներկայացնել։ Նրանց հակադարձելու համար իշխանությունը պետք է ծրագիր ունենա Բաքվի, Շահումյանի, Եվլախի հայերի վերադարձի համար։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը։

«Արարատ սարի մասին իշխանությունները չեն խոսում, համր են, Արարատ Միրզոյանի անունն էլ պետք է փոխեն, եթե Արարատը չեն ընդունում։ Զինանշանից հանում եք Արարատ սարը, Միրզոյանի անունն էլ փոխեք, հետո էլ Նիկոլի անունը փոխեք՝ Նիկոլայի անունն է»,-ավելացրեց Արշակյանը։

Անդրադառնալով Ֆրանսիայից Հայաստան «Bastion» տիպի 24 զրահամեքենա առաքելու որոշմանը՝ Արշակյանը ասաց, որ պետք է բանակցենք բոլոր երկրների հետ՝ մեր պաշտպանունակությունը բարձրացնելու համար, եթե պետք լինի, Բելառուսից էլ զենք գնենք։ Ինչ վերաբերում է անվտանգային համակարգի փոփոխությանը, ապա Գերագույն խորհրդի պատգամավորը համոզված է, որ Հայաստանը պետք է կողմնորոշվի, թե ինչ է ուզում․ «Կենտ օրերին ՆԱՏՕ-ի հետ ենք, զույգ օրերին՝ ՀԱՊԿ-ի, ՀԱՊԿ-ի դուռը բաց է մնացել, պետք է կողմնորոշվենք՝ ինչ գույնի ենք, մինչև հիմա չգիտենք՝ ում դաշնակիցն ենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ