ՄԻՊ-ը կոչ է անում միջազգային դերակատարներին ջանքեր գործադրել՝ կանխելու վերահաս էթնիկ զտումը Արցախում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24news

256965

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հայտարարությունը Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախի բնակչության հիմնարար իրավունքների խախտման վերաբերյալ․

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ արդեն 7 ամսից ավելի Արցախի հայ բնակչությունը գտնվում է հումանիտար շրջափակման մեջ, ինչի հետևանքով մարդասիրական աղետն օր օրի ավելի է խորանում՝ անուղղակիորեն հանգեցնելով անդառնալի հետևանքների, այդ թվում՝ մարդկային կորուստների:

Մասնավորապես, Արցախը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով շարունակաբար խախտվում են մարդկանց, հատկապես՝ խոցելի խմբերի ներկայացուցիչների հիմնարար իրավունքները և ազատությունները, ինչպիսիք են՝ կյանքի, անվտանգության, ազատ տեղաշարժի, սննդի, հոգեկան և ֆիզիկական առողջության պահպանման, բավարար կենսամակարդակի, կրթության իրավունքները, ինչպես նաև բնակիչների արժանապատվությունը՝ որպես մարդու իրավունքների և ազատությունների անքակտելի հիմք։

Ս.թ. հունիսի 22-ից ադրբեջանական իշխանությունները բետոնե արգելապատնեշներով բացարձակ արգելափակել էին ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից հումանիտար օգնության մատակարարումը՝ սրելով Արցախում մարդասիրական իրավիճակը (հումանիտար օգնության տրամադրումը արգելափակվել է դեռևս հունիսի 15-ից)։ Չնայած նրան, որ այս պահի դրությամբ բետոնե պատնեշը հանվել է, սակայն մարդասիրական օգնության (առաջին անհրաժեշտության պարագաների և պարենային ապրանքների) մատակարարումը շարունակում է արգելափակված լինել Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Առաջին անհրաժեշտության իրերի ու սննդի բացակայությունն անձանց թերսնման է հանգեցնում, ինչն էականորեն ազդում է բնակչության առողջական վիճակի վրա: Ավելին, ադրբեջանական կողմը շարունակաբար խոչընդոտում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Արցախից Հայաստան բուժառուների տեղափոխմանը, այդ թվում՝ պարբերաբար արգելելու միջոցով։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված փաստերը և վերլուծությունները վկայում են, որ ադրբեջանական իշխանությունների նման գործելաոճը՝ ուղղված Արցախի բնակչության հիմնարար իրավունքների իրացումն անհնարին դարձնելուն, զուգորդված պետության կողմից հովանավորվող հայատյացության քաղաքականությամբ, մեկ հիմնական վերջնանպատակ է հետապնդում՝ հումանիտար ճգնաժամի խորացման միջոցով հայաթափել Արցախը։

Պաշտպանը ևս մեկ անգամ կոչ է անում միջազգային կազմակերպություններին և դերակատարներին գործուն ջանքեր գործադրել՝ կանխելու վերահաս էթնիկ զտումը։

Միևնույն ժամանակ, Պաշտպանի աշխատակազմն իր մանդատի շրջանակում շարունակում է ամենօրյա ռեժիմով տեղեկատվություն ու փաստեր հավաքագրել և տրամադրել միջազգային կազմակերպություններին` Արցախում ադրբեջանական իշխանությունների հայատյաց քաղաքականության հետևանքով մարդու իրավունքների շարունակական կոպիտ խախտումների և հումանիտար ճգնաժամի ահագնացող հետևանքների վերաբերյալ։

--00—ՅՄ