Եթե այսօր հնարավոր չէ հասնել կարգավիճակի շուրջ բանակցային լուծման,պետք է հետաձգել որոշման ընդունումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

սերգեյ

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը պատասխանել է «Արցախպրես»-ի հարցերին․

-Պարոն նախարար, տարիներ շարունակ արցախյան փորձագիտական հանրույթի կողմից և երբեմն էլ պաշտոնական որոշակի մակարդակով կարծիք է հայտնվել, որ պետք է փոխվեն բանակցային գործընթացի մեթոդաբանությունն ու փիլիսոփայությունը։ Համաձայն ե՞ք, որ կարգավորման հիմքում պետք է դրվեին ոչ թե հակամարտության և դրա ռազմական զարգացման հետևանքները, իմա՝ տարածքների հարցը, այլ հակամարտության բուն պատճառը՝ Արցախի կարգավիճակը։ Ըստ Ձեզ, ինչքանո՞վ էր ճիշտ և արդարացված միջնորդների բանակցային ռազմավարությունը:

- Արցախի կարգավիճակը միշտ էլ եղել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայկական կողմերի օրակարգի առանցքային կետը։ 1994 թ․ Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի կնքումից ի վեր և բանակցային գործընթացի ողջ ընթացքում Արցախի և Հայաստանի իշխանությունները հանդես են եկել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ և փոխզիջումային կարգավորման օգտին, որի առանցքում պետք է լիներ Արցախի վերջնական կարգավիճակի որոշումը: Այնինչ Ադրբեջանը, թաքնվելով բանակցային գործընթացի հետևում և ժամանակ ձգձգելով, բացահայտ կերպով պատրաստվում էր հիմնախնդրի ռազմական ճանապարհով լուծմանը: Տարիներ շարունակ միջնորդների կողմից արված այն հայտարարությունները, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, անարդյունավետ դուրս եկան այն պարզ պատճառով, որ բանակցային գործընթացում Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը, հրադադարի ռեժիմի կանոնավոր խախտումները և ուժի կիրառման դեպքերը միջնորդ երկրների կողմից չէին արժանանում համարժեք դատապարտման և արձագանքի։ Մինչդեռ Ադրբեջանը, որպես միջազգային հանրության անդամ և բանակցային կողմ, ստանձնել էր հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հստակ պարտավորություն: Հետևաբար, այսօր Ադրբեջանի կողմից հնչող այն պնդումները, թե ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, չեն համապատասխանում իրականությանը, ինչն արտացոլված է նաև գործընթացում ներգրավված դերակատարների դիրքորոշումներում։ Միջազգային մակարդակով Արցախի կարգավիճակի հարցը մնում է չլուծված, և մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը և, առաջին հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, լրացուցիչ ջանքեր կգործադրեն Արցախի լիիրավ մասնակցությամբ բանակցային գործընթացի վերակագնման ուղղությամբ, առանց որի անհնար կլինի հասնել հակամարտության վերջնական և համապարփակ կարգավորմանը։

-Կարելի է փաստել, որ Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակումը և վերջին տարիների բոլոր հանցագործությունները հետևանք են վերջինիս ագրեսիվ և ապակառուցողական քաղաքականությանը պատշաճ գնահատականի և արձագանքի բացակայության, և եթե հակամարտությունը համապարփակ և կայուն լուծում չստանա, ապա նման հանցագործությունները, ամենայն հավանականությամբ, շարունակվելու են: Այս առումով Դուք տեսնու՞մ եք հեռանկարը, և ի՞նչ լուծում պետք է ստանա հակամարտությունը, ի՞նչ սկզբունքներով և ի՞նչ ձևաչափերով, որպեսզի այն լինի արդարացի և արդյունավետ: Եվ արդյո՞ք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցություններն կարող են բերել ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորմանը, և ինչպիսի՞ն է Արցախի Հանրապետության դիրքորոշումը այս հարցում:

-Արցախի ժողովրդի և իշխանությունների դիրքորոշումն այս հարցում միասնական է. միայն Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի ճանաչումը կարող է հիմք հանդիսանալ հակամարտության կայուն կարգավորման և տարածաշրջանում երկարաժամկետ և արդար խաղաղության ու կայունության հաստատման համար։ Մենք պատրաստ ենք հակամարտության համապարփակ և փոխընդունելի լուծման շուրջ բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ՝ համաձայնեցված և միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափով, կողմերի իրավահավասարության և պարտավորությունների իրականացման միջազգային ամուր երաշխիքների հիման վրա։ Նախքան հակամարտության վերջնական և համապարփակ կարգավորման ուղղությամբ լիարժեք ձևաչափով բանակցությունների համար պայմանների ստեղծումը՝ նպատակահարմար է հումանիտար և տեխնիկական հարցերի շուրջ երկխոսության հաստատումը Ստեփանակերտի և Բաքվի միջև, որը սակայն չպետք է և չի կարող փոխարինել քաղաքական հարցերի շուրջ բանակցություններին։ Այս համատեքստում անհրաժեշտ է ընդգծել, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը, սահմանազատումը և սահմանագծումը չեն կարող կանխորոշել ԼՂ հիմնախնդրի հանգուցալուծումը և Արցախի վերջնական կարգավիճակը։ Միևնույն ժամանակ առանց ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ասել է թե՝ կիսատ մոտեցմամբ հնարավոր չէ պատկերացնել հայ-ադրբեջանական հարաբերությունների վերջնական կարգավորումն ու կայուն խաղաղության հաստատումը: Չնայած առկա դժվարություններին՝ չափազանց կարևոր է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունն իր հերթին շարունակի հանդես գալ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության դիրքերից։ Եթե այսօր հնարավոր չէ հասնել Արցախի կարգավիճակի շուրջ բանակցային լուծման, ապա պետք է ընդունել այս խնդրի առկայությունը և հետաձգել որոշման ընդունումը մինչև դրա համար ստեղծվեն բարենպաստ պայմաններ՝ միաժամանակ այդ ընթացքում ապահովելով Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնիշխանության արդյունավետ և հուսալի միջազգային երաշխիքներ։

 

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 
 

--00—ՍՊ