«Վագներ»-ի ղեկավարը կշարունակի կռվել Բախմուտում՝ չնայած մինչ այդ հնչեցրած սպառնալիքներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

b288e65c-b613-4880-9715-665e193f52b2.jpg

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իրենց խոստացել է տրամադրել զենք և զինամթերք այնքան, որքան հարկավոր է՝ հետագա գործողությունները շարունակելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Պրիգոժինը ձայնագրության միջոցով հայտնել է իր Telegram ալիքում:

Պրիգոժինի խոսքով՝ մարտական կարգադրություն է եղել, որի մեջ նշվում է, որ «Վագներ»-ը Բախմուտում կարող է գործել այնպես, ինչպես հարկ է համարում: Իսկ Ռուսաստանի ՊՆ-ի և մասնավոր ռազմական ընկերության միջև փոխգործակցության հարցերով պետք է զբաղվի բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, մայիսի 5-ին Պրիգոժինը դիմել էր ՌԴ գլխավոր շտաբի հրամանատար Վալերի Գերասիմովին և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին՝ սպառնալով մայիսի 10-ին իր զինվորականներին դուրս բերել Բախմուտից:

Իսկ մայիսի 6-ին Պրիգոժինը հայտարարել էր, որ Բախմուտում «Վագներ»-ի դիրքերը կփոխանցվեն «Ախմատ» հատուկ նշանակության ստորաբաժանումներին:

Բախմուտը շարունակում է մնալ Ուկրաինայի առաջնագծի ամենաթեժ կետերից մեկը, որտեղ երկու կողմերն էլ մեծ կորուստներ են կրում: Քաղաքի համար մարտեր են ընթանում արդեն 9 ամիս՝ անցյալ տարվա օգոստոսից:

--00—ԶՀ