Վիրավոր Արցախը այսօր շարունակում է ապրել զոհողությունների գնով, մենք վճռական ենք մեր պայքարում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

128043

Արցախի ԱԺ նախագահԱրթուր Թովմասյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով՝  նվիրված արցախյան ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձին․

«Սիրելի´ հայրենակիցներ

Շնորհավորում եմ բոլորիս արցախյան ազգային - ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-ամյա հոբելյանի առիթով:

Շարժումը, հիրավի, ունեցավ դարակազմիկ նշանակություն՝ իր ապագայի տեսլականը քարտեզագրելու, կանխորոշելու, տասնամյակների հպատակությունից ազատ ու անկախ ապրելակերպի հայտ ներկայացնելու տեսանկյունից: Մեր հիշողությունների ժապավենը հետ պտտելով դեպի 1988թ. իրադարձություններ՝ մեկ անգամ ևս ոգևորվում ու հպարտանում ենք խորհրդային ժամանակների արցախյան սերնդի նախաձեռնած համազգային զարթոնքով:

Իր ազգային նկարագիրը պահպանելու և հետագա էթնիկ ուծացումից խուսափելու միակ ելքն ու երաշխիքը Մայր հայրենիքին վերամիավորվելն էր

Ղարաբաղյան շարժման իրավաքաղաքական գագաթնակետը 35 տարի առաջ այս օրն էր: Արտահայտելով հայկական ինքնավար երկրամասի բնակչության բացարձակ մեծամասնության կամքն ու ցանկությունը՝ ԼՂԻՄ-ի բարձրագույն ներկայացուցչական մարմնի մարզխորհրդի պատգամավորները, 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանում ԼՂԻՄ -ը Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմից դուրս գալու և Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հայաստանին  վերամիավորելու մասին պատմական որոշում կայացրին: Այդ որոշմամբ՝ արցախյան ազգային-ազատագրական շարժումը մտավ իրավական հարթություն:

Սակայն մեր ժողովրդի ինքնորոշման սահմանադրական իրավունքի խաղաղ իրացմանը հակառակ՝ Ադրբեջանը առաջնորդվել է  հիմնախնդիրը հանգուցալուծելու ուժի կիրառման տարբերակով:

Ադրբեջանի սանձազերծած 3 պատերազմները վերահաստատեցին ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության՝ Արցախն առանց հայերի նենգ մտադրությունները:

Երեք ու կես տասնամյակների ընթացքում մենք անցել ենք ձեռքբերումների ու կորուստների միջով: Արցախի ազատության ու անկախության համար մղված պայքարում հազարավոր հայորդիներ իրենց կյանքն են զոհաբերել: Վիրավոր Արցախը այսօր շարունակում է ապրել այդ զոհողությունների գնով:

Պայքարի ոգի ներարկած փետրվարյան ազգային վերածննդի շունչը և մեր հայրենիքի, պետականության համար թափված արյունն ու քրտինքը ներկա օրերում մեզ համար նոր ոգորումների մղիչ պետք է հանդիսանան: Դա է արցախցու կենսունակության ու հարատևության բանաձևը:

Արցախի Հանրապետության առջև ծառացած հիմնախնդիրները հետպատերազմական ժամանակաընթացում ավելի խորացան: Առաջնահերթությունների շարքում է կաթվածահար տնտեսության, ենթակառուցվածքների վերականգնումը: Սակայն 2022 թվականի դեկտեմբերի 12-ից, երբ Ադրբեջանը պաշարման մեջ առավ Արցախը, խափանվեցին այդ ծրագրերի իրականացումը: Ադրբեջանը հումանիտար աննախադեպ աղետ է առաջացրել Արցախում ՝ նպատակ ունենալով հայաթափել Արցախը:

Վստահ եմ, որ այս արհեստածին դժվարությունները ևս կհաղթահարենք:

Թանկագի´ն հայրենակիցներ

Մեր ազգային հպարտությունն աներեր է: Այն ոչ ոք չի կարող խաթարել:Մենք վճռական ենք մեր պայքարում: Անսասան է իր պատմական հայրենիքում ապրելու, արարելու արցախցու կամքը»:

--00—ՅՄ