ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News
Արթուր Գրիգորյան, Գարեգին Արյան, Կարապետ Փոյադյան, Վահագն Սարգսյան, Արմեն Հակոբյան, Նորիկ Արոյան, Սամվել Գենջոյան, Հարություն Սավադյան, ոստիկանության զորքերի ծառայողներ՝ եղբայրներ Կարեն և Գևորգ Գևորգյաններ, Սերգեյ Շաքրիկյան։ Նրանք Արմավիրի մարզի Խանջյան համայնքի այն բնակիչներն էին, որոնք հանուն հայրենիքի մեկնեցին ռազմաճակատ ու անմահացան, իսկ նրանցից մեկը համարվում է անհետ կորած։
Նոյեմբերի 29-ին համայնքում տեղի ունեցավ հանուն հայրենիքի զոհված խանջյանցիների հիշատակը հավերժացնող խաչքարերի բացման հանդիսավոր արարողություն։ Խաչքարերը նորածին որդու՝ Արենի հետ բացեց զոհված ոստիկաններ Կարեն և Գևորգ Գևորգյանների մայրը՝ տիկին Արևիկը։
Արարողությանը ներկա էին մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ոստիկանության զորքերի ծառայողներ, զոհված հայորդիների ծառայակից ընկերներ ու հրամանատարներ։
Ներկաները ծաղիկներ խոնարհեցին և մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմներում զոհված քաջորդիների հիշատակը, այնուհետև Արմավիրի թեմի հոգևորաց դասի ձեռամբ տեղի ունեցավ խաչքարերի օծումը:
Ելույթներ ունեցան Արմավիրի մարզպետը և քաղաքապետը: Նրանք իրենց զորակցությունը հայտնեցին զոհված խանջյանցիների ընտանիքներին՝ նշելով, որ սերունդներն այդ խաչքարների մոտ հայրենասիրության դասեր են առնելու:
Արարողության ընթացքում հնչեցին հանուն հայրենիքի կյանքը զոհաբերած հայորդիներին նվիրված ստեղծագործություններ։
Փա՛ռք հանուն հայրենիքի զոհված բոլոր հերոսներին։
--00—ԶՀ