Ապարանի արյունալի միջադեպով վիրավորներից մեկի մոտ դրական դինամիկա կա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

հասարակական

Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Նիգավան գյուղի մոտ տեղի ունեցած կրակոցների հետեւանքով վիրավորներից մեկի մոտ մի քիչ դրական դինամիկա կա։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Արմենիա» ԲԿ գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը։

Հունիսի 19-ին Նիգավան գյուղի մոտ կրակոցներից հետո «Արմենիա» բժշակական կենտրոն էին տեղափոխվել 3 երիտասարդ, որոնցից մեկը, որը գլխուղեղի ծանր վնասվածք էր ստացել, մահացել էր ԲԿ-ում:

Վիրավորներից մեկն էլ է ստացել գլխուղեղի ծանր վնասվածք և ծայրահեղ վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, մյուսը վիրավորվել է կրծքավանդակի շրջանում, թոքից բեկոր է հեռացվել, նույնպես վերակենդանացման բաժանմունքում է։ 

Վերջինին, ըստ Կուրղինյանի, անջատել են արհեսատական շնչառության սարքից, ինքն իրենով շնչում է։ «Մյուսը մնում է նույն ստաբիլ ծայրահեղ ծանր վիճակում», - հավելեց «Արմենիա» ԲԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալը։ 

Ոստիկանությունը Նիգավանի մոտ տեղի ունեցածը որակել էր որպես «կենցաղային հարցի շուրջ ծագած վեճ»՝ անդրադառնալով մամուլում տարածված տեղեկություններին, որ վեճի պատճառը եղել է քաղաքական՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների և հակադրվողների միջև, նույն այդ տեղեկությունների համաձայն՝ կրակոցների հեղինակները Փաշինյանի կողմնակիցներն են։ Տեղեկությունների համաձայն՝ ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին վիճաբանել են ապարանցի մի խումբ երիտասարդների հետ և Կալաշնիկով տեսակի ինքնաձիգներով կրակել նրանց վրա։ Ասատրյանն ու Փարվանյանը հերքել են իրենց հարազատների մասնակցությունն այս միջադեպին։

Երեկ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանությունը) 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Ապարան քաղաքում երկու անձի սպանության  դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դրդապատճառը:

Ըստ ՔԿ-ի՝ 2022թ. հունիսի 18-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի 32–ամյա բնակիչը եղբոր հետ Ապարան քաղաքում ավտոմեքենան վարելու  ընթացքում ձայնային ազդանշան է տվել «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենային, շրջանցել և կանգնեցրել այն, այնուհետև մոտեցել են վարորդին և մեքենան վարելու հարցի շուրջ զրուցել նրա հետ, ինչին միջամտել են Ապարան քաղաքի մի խումբ բնակիչներ: «Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որը շարունակվել է Ապարան քաղաքի սկզբնամասում: Նշված խոսակցությունը շարունակելու նպատակով հաջորդ օրը՝ հունիսի 19-ին,  32-ամյա տղամարդը, նրա եղբայրը մի քանի անձանց հետ գնացել են Ապարան քաղաքում գտնվող գազալցակայանի տարածք, հանդիպել են նախորդ օրը իրենց խոսակցությանը միջամտած անձանցից մեկին և ծեծի ենթարկել վերջինիս: Նույն հարցի շուրջ խոսակցությունը ժամը 19:30-ի սահմաններում շարունակվել է Նիգավան գյուղի աղբանոցին հարակից տարածքում, որի ընթացքում 32-ամյա տղամարդն իր մոտ գտնվող հրացանից կրակոցներ է արձակել իրենց հետ վիճաբանող անձանց ուղղությամբ: Արդյունքում, հրազենային վնասվածքներով Ապարանի բժշկական կենտրոն տեղափոխված երկու անձ՝ Ապարան քաղաքի 27-ամյա բնակիչներ, հիվանդանոցում մահացել են, իսկ 5 անձ տեղափոխվել են բժշկական կենտրոններ: 32-ամյա տղամարդը ձերբակալվել է», - նշված է հաղորդագրության մեջ:

Վիրավորումից մահացածներից մեկն էլ Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանի ազգականն է։

--00--ՏՏ