Ինչով է պայմանավորված Իշխան Զաքարյանի՝ խմբակցությունից դուրս գալը․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6 ,  24 News

Իշխան Զաքարյան

«Հրապարակ» թերթը գրում է․ 

«Իշխան Զաքարյանը երեկ չէր ուզում մեկնաբանել մեր տեղեկությունը, թե ինքը «Պատիվ ունեմ» խմբակցությունից դուրս է գալիս` պահելով մանդատը։ Նա ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց մեր լուրը. «Եկեք երկուշաբթի օրը բոլորիդ հրավիրեմ, խոսենք»: Դուք ընդդիմադիր պատգամավոր եք, ինչո՞ւ եք դուրս գալիս ընդդիմադիր խմբակցությունից։

«Էլի եմ մնալու ընդդիմադիր, երբեք չկասկածեք, որ ընդդիմադիր չեմ լինելու»: Իսկ խմբակցությունում կարծում են, որ վճռորոշ է եղել նրա նկատմամբ հարուցված քրեական գործը: Սակայն այլ տարբերակներ էլ են շրջանառվում: Մեկը Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի հետ դաշինքն է, որին Զաքարյանը դեմ է եղել ժամանակին:

Հիշեցնենք, որ Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում նա լուրջ հակասություններ ուներ Սարգսյանի հետ։ Մյուս պատճառը, ըստ Զաքարյանի մտերիմների, Հայաստան-Ռուսաստան միության ստեղծմանն ուղղված գործընթացներն են: Լուկաշենկոն եւ Պուտինը նախօրեին ստորագրեցին Միութենական պետության դեկրետը: Առաջիկայում այս պրոցեսին փորձելու են ներգրավել նաեւ Հայաստանը, եւ Իշխան Զաքարյանն այս գործընթացում որոշակի դերակատարում է ունենալու` օգտագործելով ռուսաստանյան իր կապերը: Նա մերձավորներին ասել է, որ ուզում է ազատ կարգավիճակ ունենալ, որ զբաղվի այդ գործով` կաշկանդված չլինելով որեւէ կուսակցության կամ դաշինքի կողմից»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

--00—ՄՀ