Հայկ Չոբանյանը և Ճապոնիայի դեսպանը քննարկել են նփոստային կապի համագործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

․

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը մայիսի 31-ին ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին։ 

Հայկ Չոբանյանը ողջունել է դեսպանին, նշել, որ Ճապոնիայի հետ համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում առանցքային նշանակություն ունի ԲՏԱՆ-ի համար, քանի որ Ճապոնիան տեխնոարդյունաբերության ոլորտում առաջատար դիրք ունի աշխարհում։  

Դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ Հայաստանն ու Ճապոնիան դարավոր պատմություն և մշակութային ուրույն ավանդույթներ ունեցող երկրներ են։ Դեսպանը կարևորել է հատկապես տնտեսական կապերի, այդ թվում՝ տեխնոլոգիական ոլորտում համագործակցության  ամրապնդումը, մարզերի միջև գործակցային կապերի ընդլայնումը և երիտասարդների համար տարբեր ծրագրերի իրականացումը։

Նրա խոսքով՝ մարդկանց միջև անմիջական շփումները հաճախ շատ ավելի մեծ արդյունք կարող են տալ, քան դիվանագիտական բազմաթիվ հանդիպում-քննարկումները։

Հանդիպման ընթացքում Հայկ Չոբանյանը դեսպանին է ներկայացրել նախարարության գործունեության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով մեր երկրի համար տեխնոլոգիաների վրա հիմնված արդյունաբերության զարգացման կարևորությունը։ Նա նաև դեսպանին ներկայացրել է տեխնոարդյունաբերական քաղաք հիմնելու ծրագիրը։  

Քննարկվել են տեխնոկրթության, տեխնոընկերությունների միջև գործակցային և փոստային կապի ոլորտում համագործակցության մի շարք հնարավորություններ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային ընթացակարգով ձևավորել գործունեության օրակարգ՝ առավել մանրամասն քննարկելու համագործակցության ընդլայնման շրջանակները։

Հանդիպման ավարտին դեսպան Ֆուկուսիմա Մասանորին նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանին է հանձնել Ճապոնիայի կառավարության հրավերը՝ մասնակցելու Еxpo2025 միջազգային ցուցահանդեսին։

--00--ԱՀ