Պարզեցվել է փոստային կապով դեղերի առաքման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

փոստ.

Այսուհետ Հայփոստի միջոցով դեղեր ներմուծող քաղաքացիներն իրենց առաքանիները կստանան առանց ՀՀ մաքսային ծառայության կողմից բեռի պահման, եթե առաքանիում առկա դեղամիջոցը համապատասխանում է հետևյալ սահմանափակմանը. քաղաքացին ներմուծում է տվյալ դեղամիջոցը առաջին անգամ (տարվա մեջ միայն մեկ անգամ) և դեղամիջոցը չի գերազանցում թվով 5 անվանում (յուրաքանչյուր անվանումից մինչև 3 տուփ/սպառողական փաթեթ)։

Նախկինում  դեղեր պարունակելու պատճառով ՀՀ մաքսային ծառայության կողմից պահված առաքանիների վերաբերյալ Մաքսային մարմինների և «Հայփոստ» ընկերության կողմից մշակվում է ընթացակարգ` դրանք քաղաքացիներին հանձնելու համար:

Ընթացակարգի մասին ՀՀ քաղաքացիները կտեղեկացվեն վերջինի հաստատման պահից:

Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ից ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 202-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» թիվ 1302-Ն որոշումը, ըստ որի` ֆիզիկական անձինք կարող են միջազգային փոխադրողի միջոցով կամ միջազգային փոստային փոխադրումներով տվյալ օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամ ներմուծել մինչև 5 անվանում, յուրաքանչյուրից՝ երեքական սպառողական փաթեթ քանակով գրանցված կամ չգրանցված դեղեր:

--00—ԼՄ