Թուրքիան արգելել է ցուցադրել հայ հեղափոխական Արմենակի մասին պատմող ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

էմենիհաբեր

Թուրքիայի Անկարա և Ստամբուլ քաղաքներում պատկան մարմիններն արգելել են հայ հեղափոխական Արմենակի (Օրհան Բաքըր) մասին պատմող վավերագրական ֆիլմի ցուցադրումը։ Այս մասին հայտնում է Ermenihaber կայքը։

Ֆիլմը կրում է  «Արմենակ. ճակատի վրա թրի սպին» անվանումը։ Արմենակը, ըստ միջոցառման կազմակերպիչների մեկնաբանության, հանդիսանում է թուրք, քուրդ, հայ, հույն և այլ ազգերի եղբայրության պատմական խորհրդանիշերից մեկը։ Եվ այս առումով միայն ծայրահեղ ու հետադիմական հայացքներ ունեցողներն են, որ կարող են անհանգստանալ նման մարդու մասին ֆիլմի ցուցադրմամբ։

Հունվարի 26-ին Ստամբուլի Հասան Յուջելի անվան մշակույթի կենտրոնում ֆիլմի ցուցադրումը և Արմենակին նվիրված միջոցառումը նախ արգելվել է Քարթալ վարչական շրջանի ոստիկանապետի, ապա նաև Անկարայի նահանգապետարանի կողմից:

Կազմակերպիչները նշում են, որ արգելող որոշումները չունեն իրավական ոչ մի հիմք։ Ըստ նրանց՝ միայն հայերի նկատմամբ պատմական թշնամանքն ու հեղափոխության գաղափարախոսության նկատմամբ ունեցած վախն է թուրք իշխանավորներին դրդում նման անհանդուրժողական և անխոհեմ վարքի:

Տարածված հայտարարության մեջ նախաձեռնող խումբը պահանջում է վերացնել ֆիլմի ցուցադրության արգելքը՝ ակնկալելով հասարակության աջակցությունը։