«Եթե հայերի հանդեպ արածը ցեղը սպանել չէ, ապա ի՞նչ է»․ թուրք գրող

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

photo_2024-04-22_16-56-44
Ermenihaber.am-ը ներկայացնում է թուրք լրագրող-գրող, վերլուծաբան Նևզաթ Օնարանի՝ թուրքերեն և քրդերեն լույս տեսնող երկլեզու «Dilop» գեղարվեստական ամսագրում հրապարակված «Համիդիեից ապրիլի 24» խորագրով հոդվածի հայերեն թարգմանությունը։ Օնարանը հոդվածում կարճ և ամփոփ անդրադարձ է կատարել թուրք սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդի ժամանակաշրջանից մինչև 1915թ․ Հայոց ցեղասպանության ընթացքում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանական քաղաքականության և գործողությունների մասին։

Համառոտ կենսագրական

Նևզաթ Օնարանն ավարտել է Ստամբուլի համալսարանի տնտեսագիտական ​​ֆակուլտետը։ Նա թղթակցել է Թուրքիայի ընդդիմադիր մի քանի թերթերի, ինչպիսիք են՝ Özgür Gündem-ը և Evrensel-ը: Նրա հոդվածները հրապարակվում են նաև թուրքական ընդդիմադիր Gazeteduvar պարբերականում։ Օնարանը հայտնի է Օսմանյան կայսրությունում և Թուրքիայում հայերի և հույների գույքի անօրինական բռնագրավումների, այս ժողովուրդների թողած տնտեսական և մշակութային ժառանգության թրքացման շուրջ ուսումնասիրություններով։ 1915-1940 ժամակաշրջանին վերաբերող 4 աշխատության հեղինակ է (Օր-կ՝ Օսմանյան կայսրությունում հայկական և հունական ունեցվածքի թրքացումը (1914-1919թթ․) Լքյալ գույքի օտարումը)։ Հարկ է նշել, որ Օնարանը կարծում է, որ հայկական ու հունական գույքի բռնագրավման մասին ամբողջ ճշմարտությունն իմանալու համար պետք է բացվեն ինչպես կադաստրի, պետական գանձարանի, ֆինանսների նախարարության, «Զիրաթ» բանկի, այնպես էլ Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբը արխիվները:

Հոդվածի հայերենը թարգմանության 1-ին մասը` ստորև․

«Համիդիե գնդերից 1915թ․ ապրիլի 24 և թուրքական ազատագրական շարժում (քեմալական շարժում-խմբ․) ․․․

Նպատակը Անատոլիան (նկատի ունի ներկայիս Թուրքիայի ողջ տարածքը-խմբ․) իսլամացնելն ու թուրքացնելն էր։ Ոչ թուրք և ոչ մուսուլման ազգերի ոչնչացմամբ Թուրքիայի ժողովրդագրական կառուցվածքի 99.9 տոկոսը իսլամացվեց։ Սակայն ոչ թե 1850-ականներին, այլ նույնիսկ 1914թ. քրիստոնյաների (և հրեաների) բնակչության թիվը կազմում էր 20 տոկոս։ Թուրքական պետության պաշտոնական հիմնադիրը Մուստաֆա Քեմալն է (Աթաթուրք), սակայն Աբդուլ Համիդին և միութենականների (երիտթուրքեր) Թալեաթին չի կարելի անտեսել։ Հենց Աբդուլ Համիդն է հիմք դրել հայ ազգի (և քրիստոնյաների) ոչնչացման քաղաքականությունը՝ Անատոլիան իսլամացնելու նպատակով. Հավաքագրվածներն էլ՝ Համիդիե գնդերը։ Թալեաթը՝ 1913-1914 թվականներից, իսկ Մուստաֆա Քեմալն էլ 1919-1920 թվականներց սկսած նույնությամբ շարունակել են Անատոլիան իսլամացնելու/թուրքացնելու իրենց քաղաքականությունը։

1910-ականներին հայերի հետ մեկտեղ թիրախի շրջանակում են գտնվում նաև հույները և այլ ոչ մուսուլման ազգեր (ասորիներ և այլն)։ Արդյունքում 1914-1923 թվականներին մոտ 2.5 միլիոն հայ և հույն իրենց կյանքով և ունեցվածքով ոչնչացվել են և տասնյակ հազարավոր ունեցվածք՝ բռնագրավվել։ Հետո զտվեցին և՛ Թրակիան, և՛ Ստամբուլը։

Նման քաղաքական միասնության և շարունակականության արդյունքում թուրքական պետության երեք հիմնադիրներն են Աբդուլ Համիդը, Թալեաթը և Մուստաֆա Քեմալը։ Թալեաթը գնաց Աբդուլ Համիդի, իսկ Մուստաֆա Քեմալն էլ՝ Թալեաթի ճանապարհով:

Հիմնական սկզբունքը, որը բոլոր երեքը հիմք են ընդունել, դավանանքը սուննի իսլամն է, իսկ ազգությունը՝ թուրք: Դրա համար է, որ Թուրքիայի Հանրապետության ամենաիսկական քաղաքացին սուննի թուրքն է:

Պարբերաբար կան տարբերություններ թուրքի և իսլամի «սինթեզի տեմպերի» մեջ։ Ըստ Աբդուլ Համիդի՝ իսլամ-թուրքն էր, իսկ ըստ Թալաթի ու Մուստաֆա Քեմալի՝ թուրք-իսլամն էր։ Սինթեզի առաջին տարրը գերակշռում է վերջինիս նկատմամբ։

«Գնդերով ներքին վերանվաճման շարժում»

Համաձայնություն կա, որ թուրքական ազգայնականությունը քաղաքական շարժում է 1912-1913թթ. Բալկանյան պատերազմից հետո: Ես թերահավատորեն եմ մոտենում այս վարկածին. այն արտահայտությունը, թե իբր պարզ չէ, թե ինչ է օսմանյան պետական ​​կառավարիչը, ոչ այլ ինչ է, եթե ոչ արյունոտ պատմությունը սքողել։

Օսմանյան կայսրությունն Անգլիայի և Ռուսաստանի նման գաղութային կայսրություն էր: Սուննի իսլամիստների ու պանթուրքիստների պնդումը, թե Օսմանյան կայսրությունն այդպիսին չէր, ծիծաղելի է։ Ամեն մի թիզ հողի ժողովրդագրական կառուցվածքը, որը օսմանցիներն իրենց պաշտոնական լեզվով ասած նվաճել են և գրական առումով գրավել, փոխվել է՝ ըստ տիրակալի։ «Օսմանյան հանդուրժողականության» դիսկուրսը անհեթեթություն է։

Բավական է նայել Հիթ Վ. Լոուրիի դոկտորական թեզը՝ տեսնելու, թե ինչպես է 1461 թվականին գրավված Տրապիզոնը սուննի իսլամ ընդունել։

Բոսնիան, որն այսօրվա իսլամական կղզյակն է Բալկաններում, երբ 1463 թվականին ներխուժել են, իսկ Հերցեգովինա՝ 1483 թվականին, ամենայն հավանականությամբ քրիստոնյա են եղել։ Ժամանակի ընթացքում Բոսնիա և Հերցեգովինան նույնպես իսլամացվել են, ինչպես Տրապիզոնը։

Փաստորեն, Օսմանյան կայսրությունում գերիշխող ազգի դասակարգումը որպես իսլամ, իսկ դատապարտված ազգին որպես «մյուսներ» դասակարգումն ամեն ինչի ամենապարզ արտահայտությունն է:

Օսմանյան պալատական ​​համակարգի գոյության և չգոյության խնդիրը, որը խրվել էր 17-րդ դարից, երբ այն չէր կարող նոր տարածքներ գրավել, 19-րդ դարում ոտքի ելած գաղութատիրական ազգերն էին։

Թանզիմաթին (բարեփոխումներ Օսմ․ կայսրությունում 1839-76թթ․-խմբ․) որպես թուրքական մոդեռնիզմ անվանելը նույնպես էության շղարշ է։ Որովհետև Թանզիմաթն օսմանյան բյուրոկրատիայի քաղաքականությունն էր՝ կարգի մեջ պահելու աճող քրիստոնյա ազգերին։ Թանզիմաթով գերիշխող և հպատակ ժողովուրդների՝ «մյուսների» միջև տարբերությունը վերացավ և հավասարությունը նպատակադրվեց: Այսպիսով, օսմանցի անհատը, ով պալատի սպասավոր էր, ընդունվեց որպես «օսմանցի քաղաքացի»: Ըստ այդմ, Օսմանյան քաղաքացիության մասին օրենքը ուժի մեջ է մտել 1869 թվականին։

Չնայած ամեն ինչին, վարչական, ֆինանսական և ռազմական ճգնաժամի դեմ Օսմանյան պալատական ​​համակարգի «լուծման» քաղաքականությունը չկարողացավ բավարար լինել և նրա ֆինանսները սնանկացան 1875թ։ Իսկ 1878 թվականին, օսմանա-ռուսական (ռուս-թուրքական-խմբ․) պատերազմից հետո, բալկանյան ժողովուրդները նույնպես կոտրեցին իրենց շղթաները։ Առաջինն այն կոտրել է Մորան՝ 1821-ին։

Այն, ինչ գրել է Աբդուլ Համիդը Բալկանների համար, բավարար հայտարարություն է. «Ես չեմ ափսոսում, որ մենք կորցրեցինք բալկանյան պետությունները [ազգերը], որոնք դժվար էր կառավարել և սպառեցին մեր ազգային իշխանությունը: Ինչքան փոքրանում ու կոմպակտ ենք դառնում, այնքան ուժեղանում ենք ու ազատվում «հիվանդությունից»։ Այն օրը, երբ մենք ուժեղանանք ներսում, եվրոպական պետությունները կտեսնեն, որ այն «հիվանդը», որին այդքան ծաղրում էին, ապաքինվել է և դարձել ուժեղ մարդ»։

19-րդ դարի վերջին քառորդում քրիստոնյա ազգերից բացի ոտքի ելան նաև պալատի կրոնակից/իսլամական ազգերը՝ արաբները, ալբանացիները և քրդերը։ 1880 թվականին Ուբեյդուլլահի շարժումից հետո 1898-ին Կահիրեում նույնիսկ հրատարակվել է «Քուրդիստան» անունով թերթ։

Կլանային (աշիրեթական-խմբ․) դպրոցներն էլ բացվել են 1892 թվականի հոկտեմբերի 4-ին՝ իսլամական ազգերից զինվորականներ պատրաստելու համար:

Մինչ Օսմանյան կայսրությունում ոտքի ելան քրիստոնյա և մուսուլման ժողովուրդները, և մինչ մոլեգնում էր ազգայնականության փոթորիկը, պատմությունը, որ միայն թուրքերն են դեռ քնած, այլ նշանակություն չունի, քան քողարկել գաղութային հարաբերությունները և Աբդուլ Համիդի իսլամիստական ​​քաղաքականությունը:

Թուրքական ազգայնականությունը քողարկված է, քանի որ ազգայնականությունն է, որ գերիշխում է պետության/պալատի վրա. Սա այն է, ինչ արվում է. Նմանատիպ իրավիճակը վերաբերում  է նաև 1910-ական թթ.։

Փաստորեն, այնպես չէ, որ թուրքերն այդ տարիներին անհայտ էին։ 1850-ից հետո հատկապես թուրքերենի և թուրքական պատմության վերաբերյալ հրատարակություններն ավելացան։ Շերիֆ Մարդինը ժամանակաշրջանը սահմանել է որպես «մշակութային թուրքիզմ»։ Իսկ թուրքերենը 1876 թվականի Սահմանադրության պաշտոնական լեզուն է (հոդված 18)։

Չի կարող այնպես լինել, որ պանթուրքիզմի մշակույթն իր քաղաքականությունը չի արտադրել։

19-րդ դարի վերջին քառորդում խալիֆ Աբդուլ Համիդը մի կողմից «Իսլամ, Իսլամ» էր բացականչում, մյուս կողմից էլ նա վերակառուցում էր նաև պետությունը։ Ժամանակաշրջանը վերլուծող Ֆրանսուա Ժորժոնը վարկած է առաջ քաշել, որ Աբդուլ Համիդն Անատոլիայում և արաբական վիլայեթներում (նահանգներում) ձեռնարկել է «ներքին վերանվաճման» շարժում՝ պետությունը կենտրոնացնելու և համախմբելու նպատակով։ Սա կարևոր դիտարկում է, որը կհեշտացնի հասկանալ, թե ինչ է լինելու հետո:

Անատոլիայի «վերանվաճման» ժամանակ առաջնային թիրախը հայերն էին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ