Թուրք լրագրողի պնդմամբ՝ Հայաստանն է պատճառը, որ Իրանը դադարեցրել է գազի մատակարարումը Թուրքիա

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 26,  24 News

թուրքիա

Թուրքական մամուլն անդրադարձել է Իրանից Թուրքիա արտահանվող բնական գազի մատակարարման հետ կապված վերջին շրջանի տեխնիկական խնդիրներին: Դրանք արդեն զգալի դժվարություններ են առաջացրել թուրքական արդյունաբերության մեջ. գրել է Ermenihaber.am-ը։

Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի լրագրող Դիլեք Գյունգորի հրապարակման համաձայն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո մասամբ վերականգնվել է իրանական գազի մատակարարումը Թուրքիա։

Գյունգորը նաև նշում է, որ այս հեռախոսազրույցից հետո Թեհրանում բանակցություններ է վարել էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Ալփարսլան Բայրաքթարի գլխավորած պատվիրակությունը։ Իրանում տեղի է ունեցել հանդիպում էներգետիկայի նախարարության և Իրանի գազի ազգային ընկերության (NIGC) հետ։

Թուրքական մամուլի պնդման համաձայն՝ Իրանի գազատարում չկա որևէ խնդիր, որը կարող էր արգելք հանդիսանալ գազի մատակարարմանը և Իրանի կողմից առաջ քաշվող տեխնիկական անսարքության վարկածն ընդամենը պատրվակ է:

Լրագրող Ջեմ Քյուչյուքի պնդմամբ էլ Հայաստանն է պատճառը, որ Իրանը դադարեցրել է բնական գազի արտահանումը Թուրքիա։ Ըստ թուրք լրագրողի՝ Թուրքիան երկար ընդմիջումից հետո վերսկսել էր թռիչքները դեպի Հայաստան և Իրանի համար մտահոգիչ է Թուրքիայի ու Հայաստանի այս մերձեցումը։

 

--00—ՄՀ