Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է հնարավոր համագործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

l-0x107wh-1280x746z-0.6141

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի Հանրապետության էներգետիկայի նախարար Դաինյուս Կրեյվիսի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:

Հանդիպմանը մասնակցել է նաև Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանը։

Նախարար Սանոսյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և կարևորել Հայաստան-Լիտվիա խորացող բարեկամական հարաբերությունները, որը ընդգծվել է նաև երկու երկրների վարչապետների հանդիպման ժամանակ։

Քննարկվել են էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության վերաբերյալ հարցեր։ Երկու երկրների նախարարները ներկայացրել են իրենց երկրի էներգետիկ համակարգը։

Լիտվայի էներգետիկայի նախարար Դաինյուս Կրեյվիսը ներկայացրել է ժամանակակից աշխարհաքաղաքական մարտահրավերների պայմաններում ինքնաբավ էներգետիկ համակարգին անցնելու, ինչպես նաև էներգիայի կուտակիչ կայանների տեղադրման և գործարկման ոլորտում լիտվական փորձը։

Քննարկվել են վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հետ կապված խնդիրներն ու մարտահրավերները, արևային և քամու էներգիայի օգտագործման հետ կապված հարցեր։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական, փորձագիտական մակարդակում համագործակցել՝ լիտվական լավագույն փորձն ուսումնասիրելու նպատակով։

--00—ՅՄ