Հայաստանի դպրոցներում բնականոն դասապրոցեսի կազմակերպման առումով անհանգստանալու հիմքեր չկան․ ԿԳՄՍՆ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

1134607

Երևանի դպրոցներում դասապրոցեսը բնականոն հունով ընթանում է․ դպրոցներում բնականոն դասապրոցեսի կազմակերպման առումով անհանգստանալու հիմքեր չկան։ 

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ անդրադառնալով «Տելեգրամ» ալիքներով տարածվող տեղեկատվությանը, թե Երևանի դպրոցներում իբր ահաբեկչություն է նախապատրաստվում։

Նախարարությունից փոխանցեցին, որ իրենք ևս որոշ ահազանգեր ստացել են, իրավապահներն ուսումնասիրում են լուսանկարը, որը տարածվում է դպրոցներում ահաբեկչության նախապատրաստման մասին տեղեկատվության հետ։ 

Այնուամենայնիվ, նախարարությունից փոխանցեցին, որ անհանգստանալու կարիք չկա, դասապրոցեսը բնականոն հունով ընթանում է՝ ծնողներին և դպրոցներին հորդորելով դասապրոցեսը կազմակերպել բնականոն հունով, քանի որ անհանգստանալու հիմքեր չկան։  

Հղում անելով տեղեկատվական անվտանգության որոշ մասնագետների՝ նախարարությունից նշում են, որ լուսանկարը, որը տարածվում է այդ տեղեկատվության հետ, հին է։   

--00—ՅՄ