Tesla-ն Չինաստանից հետ կկանչի ավելի քան 1,6 մլն էլեկտրամոբիլ՝ ծրագրային խնդիրների պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 6, 24News

տես.

Ամերիկյան Tesla-ն Չինաստանից հետ է կանչում ավելի քան 1,6 մլն էլեկտրական ավտոմեքենա՝ ծրագրային ապահովման հետ կապված խնդիրների պատճառով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է AFP գործակալությունը` վկայակոչելով երկրի շուկայի կարգավորման պետական վարչության (State Administration for Market Regulation, SAMR) հայտարարությունը:

Ըստ աղբյուրի՝ հետկանչը կիրականացվի հեռակա ծրագրային թարմացման միջոցով և կվերաբերի 2014-2023 թվականներին արտադրված մեքենաներին, մասնավորապես՝ չինական արտադրության Model 3-ին և Model Y-ին, ինչպես նաև ներմուծված Model S-ին, Model X-ին և Model 3-ին:

«Հայտնաբերված խնդիրները վերաբերում են վարորդին օգնելու համակարգին և մեծացնում են բախումների վտանգը: Ներկրված 7,5 հազար Tesla-ի մոտ էլ դռների կողպման համակարգի հետ կապված խնդիր կա»,- նշում է SAMR-ը:

Դեկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ Tesla-ն ավելի քան 120 հազար մեքենա է հետ կանչում դռների հետ կապված հնարավոր խնդիրների պատճառով: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ընկերությունն ավելի քան 2 մլն էլեկտրամոբիլ է հետ կանչում ավտոպիլոտի հետ կապված խնդիրների պատճառով:

--00--ԼՀ