Տիգրան Ավինյանը՝ Երևանի նորընտիր քաղաքապետ. կողմ՝ 32, դեմ՝ 5

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Երևանի քաղաքապետ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանը։ Առաջադրված միակ թեկածունին կողմ է քվեարկել Երևանի ավագանու 32 անդամ, դեմ՝ 5։

Նշենք, որ այսօր մեկնարկած Երևանի քաղաքապետի ընտրության հարցով ավագանու առաջին նիստին ներկա է ավագանու 37 անդամ։ Ինչպես նախապես հայտնել էին, նիստը բոյկոտել են «Ազգային առաջընթաց» կուսակցությունը և «Մայր Հայաստան» դաշինքը:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններն անցկացվել են սեպտեմբերի 17-ին: Ընտրություններում մասնակից 14 քաղաքական ուժերից անցողիկ շեմը հաղթահարել է 5-ը:

Անցողիկ շեմը հաղթահարած ուժերն են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրային ձայն» կուսակցությունը և «Հանրապետություն» կուսակցությունը։ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը և «Մայր Հայաստան» դաշինքը բոյկոտել են Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը։

--00—ՅՄ