Սփյուռքի հանձնակատարի և Իրանի դեսպանի հանդիպմանը ընդգծվել է սփյուռքի դերը հարաբերություններում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

զար

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Այդ մասին հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

Ողջունելով հյուրերին՝ Զարեհ Սինանյանը դեսպանին ներկայացրել է գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերը:

«Հայ-իրանական պատմական կապերը, մշակութային աղերսները, բազմաթիվ ոլորտներում համագործակցության օրինակները փաստում են ամուր հարաբերությունների մասին: Հայաստանը կարևորում է Իրանի հետ բարեկամությունը և բարձր գնահատում երկկողմ հարաբերությունները»,- նշել է գլխավոր հանձնակատարը:

Երկուստեք ընդգծվել են հայ-իրանական հազարամյա կապերի նշանակությունը, հայկական սփյուռքի դերը երկկողմ հարաբերություններում, փոխհամագործակցության նոր հնարավորությունների կարևորությունը: Զրույց է ծավալվել Հայաստան-սփյուռք հարաբերությունների ձևաչափի և սփյուռքի ներգրավվածության հարցերի շուրջ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ու անվտանգային նշանակության տարբեր խնդիրների:

—ԼՀ