ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը դիտորդական առաքելություն է իրականացրել Վրաստանի ՏԻՄ ընտրություններում

 ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

d

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրավերով՝ ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը դիտորդական առաքելություն է իրականացրել Վրաստանում ապրիլի 29-ին կայացած ՏԻՄ ընտրություններում: ՀՀ ԿԸՀ պատվիրակության կազմում եղել են գերատեսչության տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության վարչության պետ Ելենա Այվազյանը և արտաքին կապերի վարչության պետ Հերմինե Հարությունյանը։

12 երկրներից ժամանած ընտրական վարչարարության մարմինների ներկայացուցիչները նախքան քվեարկության մեկնարկը հանդիպել են Վրաստանի ԿԸՀ նախագահ Գեորգի Կալանդարիշվիլիի հետ, ով անձամբ է ներկայացրել տեղեկություններ՝ ընտրական օրենսդրության փոփոխությունների, ընտրությունների նախապատրաստման աշխատանքների, ինչպես նաև այս ընտրություններում նոր տեխնոլոգիաների մասշտաբային կիրառման վերաբերյալ:

Կալանդարիշվիլիի խոսքով, այս ընտրությունները հսկայական նշանակություն ունեն, քանի որ առաջին անգամ զանգվածաբար օգտագործվել են էլեկտրոնային տեխնոլոգիաները, և Ընտրական վարչարարության համար սա փորձարկում է 2024 թվականի համապետական ընտրություններին ընդառաջ։

Վրաստանի ԿԸՀ-ն նախաձեռնել է նոր ժամանակակից ստանդարտներով թվային գործընթացների ներդնում ընտրական գործընթացներում։ ՏԻՄ ընտրությունների համար ձևավորվել էին 164 ընտրական տեղամաս, որոնցից 117-ում ընտրողների նույնականացումը, քվեարկությունը և քվեաթերթիկների հաշվարկը իրականացվել է տեխնիկական սարքավորումներով:

Դիտորդական առաքելության ընթացքում ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը հնարավորություն է ունեցել նաև գործընկերների հետ կիսվել Հայաստանում 2017 թվականից կիրառվող ընտրողների գրանցումը և նույնականացումը էլեկտրոնային եղանակով իրականացնող տեխնիկական սարքավերումների կիրառման հաջող փորձով։

--00—ԱՊ