Չծխել վառված հրավառության կողքին, մանկահասակ և անչափահաս երեխաներին հեռու պահել պայթուցիկներից

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Screenshot 2022-12-29 153055

Որքան մոտենում են տոները, այդքան մեծանում են ամանորյա պայթուցիկներից ու ճայթուկներից քաղաքացիների և հատկապես երեխաների՝ հնարավոր վնասվածքներ ստանալու վտանգներն ու հարցի հետ կապված մտավախությունները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Տոնական օրերին շատերի համար ավանդական զվարճանքը հրավառությունների, կենցաղային պայթուցիկների, ճայթուկների արձակումն է: Այս բոլորը, սակայն, վտանգի բարձր աստիճան են ներկայացնում։ Եթե անվտանգության միջոցները պատշաճ կերպով չեն պահպանվում, դա կարող է հանգեցնել վնասվածքների:

Ամերիկյան վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ում տարեկան շուրջ 12.000 մարդ բուժօգնության է դիմում՝ հրավառության կամ պայթուցիկների հետ կապված տրավմաների պատճառով, որոնք հիմնականում գրանցվում են տոնական օրերին: Հրավառության հետ կապված բոլոր վնասվածքների մոտ 45%-ը տեղի են ունենում 14 տարեկանից ցածր երեխաների շրջանում:

Վնասվածքների մոտավորապես 60%-ը կազմում են այրվածքները, իսկ 25%-ը՝ կապտուկները, քերծվածքները և պատռված վերքերը:

Հրատեխնիկայի՝ մասնավորապես պայթուցիկների պատճառած վնասներից ամենավտանգավորն աչքի վնասվածքներն են, որնք հանգեցնում են հաշմանդամության: ԱՄՆ-ում հրատեխնիկայի պատճառած վնասվածքների միայն 30%-ը կազմում են աչքի վնասվածքները, որոնք կարող են ժամանակավոր կամ մշտական կուրության պատճառ հանդիսանալ: Քիչ չեն նաև  հրավառության պատճառով լսողության կորստի դեպքերը, քանի որ պայթուցիկների ձայները, ավելի վտանգավոր են լսողության համար, քան մյուս բարձր ձայները:

Ըստ նույն աղբյուրի՝ տրավմաների մեծ մասի՝ 58%-ի  համար պատճառ են դառնում շշերից պատրաստված ինքնաշեն պայթուցիկները, որոնց պատճառած վնասի 68%-ն էլ բաժին է ընկնում պատահական անցորդներին։

Հայաստանում նույնպես տոնական օրերին շարունակում են արտակարգ դեպքեր գրանցվել պայթուցիկներից և ճայթուկներից, որոնք էլ հանգեցնում են տարաբնույթ մարմնական վնասվածքների:

Մասնավորապես, ըստ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալների՝ 2020 թ.-ի տոնական օրերին` դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, հանրապետությունում պայթուցիկներից/հրավառություններից  տուժել է 95 անձ, այդ  թվում՝ 29 (30%) երեխա (7-14 տարեկան), 11 (12%) դեռահաս (15-17 տարեկան) և 55 (58%) մեծահասակ (18 տարեկան և բարձր) 89-ը (94%) արական և 6-ը (6%) իգական սեռի:

Դեպքերից 74-ում (78%) տուժածները ստացել են դաստակի և նախադաստակի տարբեր տեսակի վնասվածքներ, 18-ը (19%)՝ գլխի դիմային հատվածի (աչքի և ակնակապիճի, ականջի, ճակատի, շրթունքի) տարբեր վնասվածքներ, 2-ը (2%)՝ ստորին վերջույթների վնասվածք, 1 (1%) անձ՝ նստատեղի վնասվածք:

Անվտանգության կանոնների պահանջների իմացությունն ու անշեղ կատարումը հնարավորություն կտան նվազեցնել հրդեհների, պայթյունների առաջացման հնարավորությունը և խուսափել անցանկալի, իսկ երբեմն էլ ողբերգական հետևանքներից:

Կարևոր է հրատեխնիկա գնել միայն մասնագիտացված խանութներում, չօգտագործել ժամկետանց ապրանքներ, ուշադիր կարդալ և հետևել օգտագործման հրահանգներին, չծխել վառված հրավառության կամ հրթիռի կողքին, մանկահասակ և անչափահաս երեխաներին հեռու պահել պայթուցիկներից:

Հոգ տարեք Ձեր և Ձեր հարազատների մասին»:

--00—ՅՄ