Այդքան տարի պարզել ենք կեղծ ահազանգողների ինքնությունը․ հիմա չգիտեմ՝ ինչու՞ չի արվում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

Կեղծ ահազանգերը չեն բացահայտվում սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներով, News.am-ի հետ զրույցում ասել է ԱԱԾ նախկին ղեկավար Միքայել Համբարձումյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում պայթուցիկ նյութերի տեղադրման մասին կեղծ ահազանգերին։

Նրա խոսքով՝ զանգահարողը ձգտում է ամեն ինչ անել, որպեսզի իր զանգը քողարկվի, իսկ ազգային անվտանգության ծառայության գործառույթն էլ այն է, որ տեխնիկական հնարավորություններով գտնեն զանգահարող անձին:

«Օբյեկտիվ պատճառն այն է, որ տեխնիկապես չեն կարողանում գտնել, իսկ սուբյեկտիվը՝ հնարավոր է մարդկանց խելքը չի կտրում: Զանգահարողի խնդիրն այն է, որ ինքը չբացահայտվի, իսկ հատուկ ծառայությունների գործն էլ այն է, որ տեխնիկական հնարավորություններով գտնեն զանգահարողին։ Հետեւելով ռումբերի մասին պարբերական դարձած զանգերին, տպավորություն է, թե նույն ձեռագիրն է։ Վարկածներից մեկն էլ կարող է այն լինել, որ դա անում է նույն մարդը կամ մարդկանց մի խումբը»,– նշել է ԱԱԾ նախկին ղեկավարը։

Այսպիսի ահազանգերը, ըստ Միքայել Համբարձումյանի, չեն կարող անհետեւանք մնալ․ քրեական գործեր են հարուցվում, նախաքննություն իրականացվում, պարզվում զանգեր կատարելու դրդապատճառը:

«Ես մեր տղաներին իմանալով կարող եմ ասել՝ իրենք ձգտում են այդ ամենը բացահայտել, իսկ թե ինչու՞ չեն կարողանում՝ ուրիշ հարց է»,- ասել է Համբարձումյանը:

ԱԱԾ նախկին ղեկավարը նշել է, որ նախկինում էլ նման դեպքեր եղել են, սակայն այսպիսի համակարգված ու պարբերական բնույթ չեն կրել։ «Այդքան տարի մենք պարզել ենք կեղծ ահազանգողների ինքնությունը․ հիմա չգիտեմ՝ ինչու՞ չի արվում դա»։

Հարցին՝ տեխնիկապես հնարավո՞ր է նույն օրվա ընթացքում 4–5 վայրում ռումբի մասին ահազանգ լինի ու ընդամենը 4 ժամ հետո պատասխանատու կառույցները հայտարարեն, թե ահազանգերը կեղծ են, Միքայել Համբարձումյանը պատասխանել է. «Եթե ուժերը բավարարել են ու այդ ժամանակում պարզել են, լավ է, իսկ եթե չճշտված հայտարարություն են արել, օրենք են խախտել։ Այդպիսի պատասխանատվության տակ խելացի ղեկավարը չէր մտնի»:

ԱԱԾ նախկին ղեկավարը չի բացառել նաև, որ կեղծ ահազանգերը հակառակորդ պետության ձեռագիրը կարող են լինել։

«Իսկ ինչու՞ չեք մտածում, որ հակառակորդ պետությունն է անում։ Ամեն ինչ հնարավոր է»,- ասել է Միքայել Համբարձումյանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

--00--ԶՀ