Դեյվիդ Փրայսը բացեց Արևմուտքի մոտեցումը, նրանք տեսնում են Արցախը Ադրբեջանի մաս՝ ցածր կարգավիճակով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

ՀՀ իշխանությունը բավականին լուրջ թակարդի մեջ է հայտնվել՝ «խաղաղության պայմանագրի» դիմաց տարբեր տեղեր տարբեր բաներ է խոստացել: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

 
«Այն, ինչ պայմանավորվում են Բրյուսելում, ենթադրում է, որ ստորագրում են «խաղաղության պայմանագիր», որով Արցախը ճանաչվում է Ադրբեջանի մաս, և միջանցքը կամ ճանապարհը, ինչպես որ կկոչեն, չեն վերահսկելու ՌԴ զորքերը: Դա ձեռնտու չէ ՌԴ-ին, քանի որ այդ պարագայում ՌԴ խաղաղապահները պետք չեն լինի, և առաջ է գալու նաև 102-րդ ռազմաբազան դուրս հանելու հարցը: 
Իսկ Ռուսաստանի առաջարկած տարբերակով Արցախի կարգավիճակի հարցը դուրս է գալիս Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հարցից, կատարվում է դելիմիտացիա և դեմարկացիա, իսկ ճանապարհը կամ միջանցքը վերահսկվում է ՌԴ զորքերի կողմից:

Բնական է, որ դա ձեռք չի տալիս Արևմուտքին, քանի որ Արևմուտքը լուրջ խաղացող է դարձել ՀՀ-ում վերջին մեկ տարում, մեկ տարվա ջանքերը ջուրն են ընկնելու: Իսկ երեկ ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Փրայսը բացեց Արևմուտքի մոտեցումը, որով նրանք տեսնում են Արցախը որպես Ադրբեջանի մաս, ընդ որում, բավականին ցածր կարգավիճակով»,-մանրամասնեց Քոչարյանը:
Նրա համոզմամբ, ստեղծված իրավիճակում կարևոր է նաև հաշվի առնել Իրանի դիրքորոշումը և օգտվել նրա աջակցությունից, քանի որ  նա ամենաբարձր մակարդակով խոսել է, որ չի թողնելու իր սահմանների խախտում:

Ինչ վերաբերվում է ԵՄ առաքելության ներկայությանը Հայաստան-Ադրբեջան սահմանին, ապա քաղտեխնոլոգի համոզմամբ, քաղաքացիական առաքելությունը սահմանային լարվածությունը մեղմելու համար վճռորոշ դեր չի կարող ունենալ. «40 հոգով ի՞նչ են դիտարկելու մի քանի հազար կմ սահմանագծում, զեկույց են կազմելու, գնան և եթե հանկարծ լարվածություն լինի և զոհեր լինեն, ընդամենը ցավ ու ափսոսանք կհայտնեն, ինչպես միշտ»:
Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ