Ընդդիմադիր կուսակցական գործիչ․ Գնաճի այս թվերով Թուրքիային շատ դժվար օրեր են սպասվում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

տ

Թուրքիայում գործող ընդդիմադիր, ազգայնական «Լավ» կուսակցության (İYİ Parti) փոխնախագահ Քորայ Այդընը հայտարարել է, որ նախագահի պաշտոնից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարական տալու դեպքում Թուրքիան կազատվի տրավմայից։ Այս մասին հայտնում է ermenihaber․am-ը։

Թուրքական Sözcü թերթի լրագողներից Ռուհաթ Մենգիի հետ զրույցում Այդընը նշել է, որ իշխանություններն իրենց համախոհների հետ միասին ձևավորել են և թողնում են էյֆորիայի մեջ ապրող զանգվածի տպավորություն գրեթե այնպես, ինչպես օսմանյան կակաչների դարաշրջանում էր։

«Կարճ ասած՝ եթե Էրդողանն այսօր հրաժարական տա, Թուրքիան կազատվի տրավմայից, հավելյալ բյուջեի անհրաժեշտություն էլ չի մնա»,-ընդգծել է նա։

Այդընը հիշեցրել է, որ ըստ Թուրքիայի վիճակագրական ծառայության (TÜİK) տվյալների՝ երկրում գնաճը հունիս ամսվա դրությամբ կազմում է 78․62%, մինչդեռ իշխանությունը 2022 թվականի բյուջեում նախատեսում էր ունենալ միայն 9․8 %-ի հասնող գնաճ։

«Հունիս ամսվա դրությամբ գնաճը գերազանցել է 78 %-ը, նման սխալ, թիրախից նման շեղում, նման անհեռատեսության տնտեսագիտական գրականության  մեջ գոյություն չունի։ Այս բոլոր բացատրություններն ու սնանկ քաղաքականությունը փաստում են, թե որքան անհեռատես ու ապաշնորհ է իշխանությունը։ Այդ իսկ պատճառով էլ ասում ենք՝ այս իշխանությունը պետք է գնա։ Գնաճի այս թվերով Թուրքիային ապագայում շատ դժվար օրեր են սպասվում»,-ընդգծել է «Լավ» կուսակցության փոխնախագահը։

--00—ԻԴ