Այսօր տրված յուրաքանչյուր ձայն ներդրում է Հայաստանի ապագայի համար. Արա Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

Արա Աբրահամյան

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը կոչով է հանդես եկել: Նա ՀՀ քաղաքացիներին կոչ է արել չքվեարկել Փաշինյանի և իր թիմի օգտին` պետությունն ու ժողովրդին աղետից փրկելու համար:

«Անձամբ ես այսօր ամեն ինչ ունեմ և կարող էի զբաղվել իմ գործերով. թե որպես հասարակական գործիչ, թե որպես ձեռնարկատեր և ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան` ես քիչ գործ չունեմ: 

Ինձ, սակայն, խիղճս թույլ չի տալիս անգործության մատնվել՝ հետևելով Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, տեսնելով` ինչպես է ներկա իշխանությունը ժողովրդին ծուղակի մեջ գցել և այժմ երկիրը գլորում դեպի անդունդ` կրկին խաբելով, կապիտուլյացիայի, պատերազմի և կորոնավիրուսի զոհերի, երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի և այլ խնդիրների համար կրկին ուրիշներին մեղադրելով և մարդկանց ահաբեկելով, թե իբր պատերազմ է սկսվելու:

1988 թ.-ից սկսած` մենք մեր երկրի անկախության համար շատ թանկ գին ենք վճարել, որ հիմա, մոռանալով վերջին տասնամյակների զոհերի և կորուստների, հերոսաբար զոհված տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների մասին՝ տրորենք նրանց հոգիները, մոռացության մատնենք մեր պատմությունը:

Այս օրերին` ապրիլի 24-ին ընդառաջ, Մոսկվայի և Կարսի պայմանագրերի հարյուրամյակին մենք կրկին հայացք ենք նետում մեր պատմությանը, նորովի ենք գնահատում այն, ինչ տեղի է ունեցել հարյուր տարի առաջ: 

Անցյալին հայացք գցելով` ես մտովի վերադառնում եմ մեր մեծերին, նրանց խոսքին ու վարքին: Վերընթերցում եմ Հովհաննես Թումանյանի՝ 1917 թ. գրված նամակները՝ ուղղված Անդրանիկ Զորավարին: Ես հիանում եմ հայրենիքին Թումանյանի նվիրվածությամբ, հայրենասիրությամբ, իր ութ զավակներին հայրենիքի պաշտպանության գործում ներգրավելու (չորս որդիներին` որպես զինվորականների, իսկ չորս դուստրերին` իբրև բուժքույր բանակ ուղարկելու) պատրաստակամությամբ: Ինքը` Թումանյանը, մյուսներին կոչ անելով հետևել իր օրինակին, ամսական 100 ռուբլի էր հատկացնում այդ նպատակին: Ընդամենը 4 տարի անց` 1921-ին, Թումանյանը բոլորովին այլ տրամադրություն ուներ՝ կապված «երկիրը ներսից և դրսից քանդելու» հետ: Ընդ որում, ինչպես նա է գրում, որևէ մեկը չի մեղադրվել այդքան աղետների ու պարտությունների համար, որևէ մեկը պատասխանատվության չի կանչվել... Որևէ մեկը նույնիսկ ինքնասպան չի եղել` ապացուցելու համար, որ ամոթ ու խիղճ ունի: Նրանք չէին կարող անգամ տխրել կամ տխուր թվալ:

Ինչո՞ւ են ներկա իշխանությունները, որ սպասարկում են բոլորի շահերը, բայց ոչ հայերի ու Հայաստանի, մեղքի որևէ զգացում չունեն և կրկին ձգտում են հայտնվել խորհրդարանում, իշխանության ղեկին` փոխանակ քաջություն ունենան ինքնակամ հեռանալու, ինքնուրույն կերպով մաքրվելու և բնակչությանը իրենց կասկածելի խաղերի մեջ չներքաշելու:

Ակնհայտ է, որ այս մարդիկ երկրի համար փրկություն չեն փնտրում, այլ ուզում են իրենց և իրենց շրջապատի մարդկանց փրկել:

Զուգահեռներն ինքնաբերաբար հայտնվում են, սակայն, այդքանով հանդերձ, ժամանակն է, որ բոլորս փոխվենք, դադարենք ասել, թե պատմությունը կրկնվում է, շեշտել, որ մեզ անընդհատ դավաճանում են:

Այսօր մենք կրկին ճակատագրական ընտրության առաջ ենք: 10 միլիոն հայերից յուրաքանչյուրի դիրքորոշումը, ձայնն ու գործողությունները որոշիչ նշանակություն ունեն: Կարևոր է հասկանալ, որ մեր ճակատագիրը մեզնից է կախված: Մեզանից բացի ոչ ոք Հայաստանը չի փրկի` ոչ խոշոր կայսրությունները, ոչ դաշնակիցը, ոչ ոք դա մեր փոխարեն չի անի: Որքան շուտ դա հասկանանք, այնքան լավ: Մենք ինքներս ենք պատասխանատու մեր ճակատագրի համար: Այդ պատճառով քվեարկելուց առաջ պետք է մտածենք այս ամենի մասին: Իմացեք` այսօր տրված ձայներից յուրաքանչյուրը ներդրում է Հայաստանի ապագայի համար»,- նշել է նա:

--00--ԱԹ