Վազգեն Մանուկյանն արդեն իր երկու քայլով պառակտում է մտցրել հասարակության մեջ. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում տարիներ շարունակ քաղաքական ներկապնակը գունազարդել են քաղաքական ուժեր ու գործիչներ, որոնք տարբերակված մոտեցում են ցույց տվել երեւույթներին եւ անհատներին` մշտապես հասարակությանը, դերակատար ուժերին ու գործիչներին բաժանելով մերոնքի եւ ձերոնքի: Հիմա իրավիճակն ավելի է սրվել. Իշխանությունն իր հերթին է մերոնք ու ձերոնքի բաժանում անում, ընդդիմությունն` իր:

Յուրաքանչյուր կողմ իրավիճակը սրում է, ինչպես կարող է: Ընդ որում, մամուլի նկատմամբ եւս բեւեռացումը ակներեւ է. էլի դաշտը մերոնքով ու ձերոնքով է հագեցել: Օրինակ` «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը երեկ հանդիպել է հայաստանյան մեկ տասնյակից ավելի լրատվական կայքերի խմբագիրների հետ:

Մարդ, որ հավակնում է դառնալ միասնական վարչապետի թեկնածու, մեր երկիրը դուրս բերել ճահճից, մեկ տարուց ընտրություն կազմակերպել, քննադատում է գործող իշխանությանը` տարբերակված մոտեցման համար, ընտրովի լրատվամիջոցների հետ է հանդիպել: «Մեզ հանրային համերաշխություն է պետք». տողերի հեղինակը, օրինակ, ArmLur.am լրատվական կայքին, «Ժողովուրդ» օրաթերթին չի հրավիրել հանդիպման:

Փորձեցինք, իհարկե, պարզել պատճառները, Վազգեն Մանուկյանի լրատվության հարցերի պատասխանատու Անի Գասպարյանն ասաց, թե դիտավորություն չկա, բայց եւ անհասկանալի մնաց՝ ինչ սկզբունքով են ընտրվել համայն ժողովրդի վարչապետի թեկնածուի հետ հանդիպման գնացած լրատվամիջոցները:

Իհարկե, առիթներ դեռ կլինեն Վազգեն Մանուկյանին հանդիպելու, իրեն ոչ դուրեկան հարցեր հնչեցնելու եւ պատասխանները ստանալու համար, բայց, ամեն դեպքում, պետք է այսօրվանից արձանագրել, որ իրեն համերաշխության ու միասնականության սիմվոլ հռչակող մարդն արդեն իր երկու քայլով պառակտում մտցրել է հասարակության մեջ. մեկ, որ ընտրովի լրատվամիջոցների հետ է շփվում, երկրորդ` համերաշխությունից խոսելով հայտարարում է, թե Նիկոլ Փաշինյանը չգնաց, «զոռով կհանենք»:

Իսկ ինչո՞վ է Վազգեն Մանուկյանը տարբերվում գործողից, որի դեմ շարժում է ձեւավորվել, եւ նախկիններից, որոնց հասարակությունն արդեն մերժել է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ