Արցախի և ՌԴ ԱԻՆ պաշտոնյաները քննարկել են ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված հարցեր

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 18,  24News   

ԱԻՆ

ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ պաշտոնյաների, Արցախի քաղաքաշինության նախարարի ու ՄԻՊ ներկայացուցչի մասնակցությամբ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն: Քննարկվել են խաղաղ բնակավայրերում առաջիկայում ծավալվող շինարարության և ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված հարցերի լայն շրջանակ:

Կարեն Սարգսյանը կարևորել է հրթիռակոծության հետևանքով ավերված բնակավայրերի արագ վերանորոգման ուղղությամբ տարվող աշխատանքները և այս հարցում ՌԴ մտահոգությունն ու հետևողականությունը, ինչպես նաև նյութական օժանդակությունը:

Հանդիպմանը քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը զեկուցել է մինչ այսօր իր ղեկավարած գերատեսչության կողմից կատարված վնասների չափագրման աշխատանքները: Իսկ ՌԴ ԱԻՆ փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկու առաջարկով՝ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որոնք ըստ խմբերի կշրջեն բոլոր բնակավայրերով ու տեղում կգույքագրեն բոլոր վնասները:

Նախապատվությունը տրված է կենսական կարևոր նշանակության համակարգերի՝ էլետրամատակարարման, գազի և ջրի մատակարարման, ինտերնետի և հեռախոսակապի կոմունիկացիների վերականգնմանը, ինչպես բազմաբնակարան շենքերի և բնակելի տների վերանորոգմանը, դրանց զուգահեռ կկատարվի նաև դպրոցական և նախադպրոցական հաստատությունների, առողջապահական հիմնարկների և ճանապարհների վերակառուցումը:

Կարեն Սարգսյանի խոսքով այդ աշխատանքները պետք է մեկնարկեն անհապաղ, որպեսզի մեր բնակչության համար ստեղծենք մաքսիմալ հարմարավետություն:

--00—ՄՀ