Ավստրիայում եռօրյա սուգ են հայտարարել Վիեննայում իրագործված հրաձգության պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

աշխարհ

Ավստրիայի կառավարությունը որոշել է երեքշաբթիից հինգշաբթի եռօրյա սուգ հայտարարել՝ կապված Վիեննայում հրաձգության հետեւանքով զոհերի եւ տուժածների հետ։ Այս մասին այսօր հայտնել է Ավստրիական մամուլի գործակալությունը՝ վկայակոչելով երկրի կառավարության որոշումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Երեքշաբթի 12:00-ին հայտարարվելու է համազգային լռության րոպե։ Դաշնային հաստատությունների վրա Ավստրիայի պետական դրոշները կիջեցվեն։

Երկուշաբթի երեկոյան Ավստրիայի մայրաքաղաքի կենտրոնում քաղաքի 6 կետերում տեղի է ունեցել հրաձգություն, այդ թվում՝ սինագոգի մոտ։ Մահացել է 3 մարդ, 15-ը վիրավորվել է, որոնց թվում մեկ ոստիկան։ Հրաձիգներից մեկին ոստիկանները վնասազերծել են, նա «Իսլամական պետության» հետեւորդ էր։ Ոստիկանությունից հայտնել են, որ հրաձգությունը կատարել են մի քանի լավ զինված մարդիկ։

Երկրի ՆԳ նախարար Կառլ Նեհամերը եւ կանցլեր Սեբաստյան Կուրցը Վիեննայում տեղի ունեցածը որակել են ահաբեկչական ակտ։ Բնակչությանը հանձնարարված է խուսափել հանրային վայրերից եւ տրանսպորտից։ Քաղաքում շարունակվում է երկրորդ հանցագործին եւ հնարավոր համախոհներին հայտնաբերելու լայնածավալ ուժային հատուկ գործողությունը։

--0--ԿԿ