Ադրբեջանական ստորաբաժանումները հաճախակի փորձում են օգտվել Արաքսի սահմանից

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7,  24News   

Երեկ ողջ գիշեր և այսօր առավոտյան մարտերը շարունակվել են։ Գիշերվա ընթացքում հակառակորդը փորձել է Արաքսի երկայնքով ուժեր կուտակել և առաջ ընթանալ։ Մեր հետախուզական ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի գործողությունները և խմբավորմանը հրետանային դիպուկ կրակով մեծ վնաս են պատճառել, իրականացրել են կրակային խոցում՝ ոչնչացնելով ամբողջ խումբը։ Այս մասին ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ադրբեջանական ստորաբաժանումները, զորամասերը, միավորումները հաճախակի փորձում են օգտվել Արաքսի սահմանից, ինչի առնչությամբ մենք իրանական կողմին կոչ արեցինք հետեւել այս գործողություններին և թույլ չտալ գետն անցնել»,- ասաց նա։

Անդրադառնալով պաշտպանության բանակի ստորաբաժանումների առաջխաղացումներին՝ Հովհաննիսյանը նշեց, որ ՊԲ-ն հյուսիսային ուղղությամբ զգալի առաջխաղացում  և կարևոր դիրքերի բարելավում ունի։

ՊՆ ներկայացուցիչը հավելեց, որ այսօր ողջ օրվա ընթացքում ադրբեջանական զինված ուժերը հեռահար հրթիռային և օդային հարձակման այլ միջոցներից հարվածներ են հասցրել խաղաղ բնակչությանը, Շուշիին եւ այլ բնակավայրերին։

«Մարտերը դժվար են, ծանր են, հակառակորդը մեծ ուժեր և միջոցներ է կիրառում։ Մեր զորքերը շարունակում են տարբեր ռազմաճակատներում վստահաբար հաղթանակներ տանել»,- նշեց նա։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ