Մոտենում է իրականության հետ առերեսման պահը. Արթուր Ղազինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

արթուր

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսին: Գրառումը՝ ստորև.



«Երեկ հինգ ժամ անբովանդակ ճամարտակելու միակ պատճառը «Արցախի ընտրյալ իշխանություններ» արտահայտության մի քանի անգամ կրկնությունն էր, ինչն արվեց տանը դասն անգիր սովորած և ուսուցչի մոտ լավ տպավորություն թողնելու թույլ աշակերտի էնտուզիազմով։



Այս արտահայտության հասցեատերերը Հայաստանում և Արցախում չէին։ Այն ուղղված էր իշխանափոխության պատվիրատուներին և նպատակ ուներ ցույց տալ ստանձնած պարտավորությունների կատարման իր հանձնառությունը։



Փոխարենը Փաշինյանն աղերսում էր տալ իրեն հնարավորություն ավարտին հասցնել պետության զավթման իր ծրագիրը, այն է՝ Սահմանադրական դատարանի իշխանության յուրացումը, և հետաձգել Ադրբեջանի սպասվող ագրեսիան Արցախի ու Հայաստանի նկատմամբ։



Ադրբեջանն առայժմ համբերատար սպասում է Փաշինյանի հրապարակային համաձայնությանը Արցախյան հիմնախնդիրը փուլային տարբերակով լուծելու համար, սակայն սա երկար չի կարող տևել. ինչ-որ պահի Փաշինյանից կպահանջեն անվարձահատույց լինել իրեն իշխանություն հանձնելու համար և կատարել ստանձնած պարտավորություններից բխող կոնկրետ գործողություններ։



Տեղապտույտների (կռուտիտ) ու մանիպուլյացիաների շրջանագիծը նեղանում է, իսկ օղակը սեղմվում։



Մոտենում է իրականության հետ առերեսման պահը»։