Երանի Ձեր կյանքում Հայոց Հայրապետի՝ իր երկրի համար արածների մեկ տոկոսն արած լինեիք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24 News 

Կաթողիկոս

Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի Հայրապետական Պատվիրակության Հոգևոր դասը հանդես է եկել հայտարարությամբ.

«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ գլխավորությամբ իր Սրբազան Հովվապետի, միշտ էլ հանդես է եկել մարդասիրական, եղբայրասիրական և խաղաղասիրական կոչերով ու քարոզությամբ, քանի որ, այո՛, «Մարդու աստվածապարգև կյանքը բարձրագույն արժեք է և դրա նկատմամբ հոգածու վերաբերմունքը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է» (Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս):

Ափսոսանքով և տարակուսանքով կարդացինք պետական և հանրային պաշտոններ զբաղեցնող որոշ անձանց անհավասարակշիռ և վիրավորական գրառումները՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հնչեցված մարդասիրական և խաղաղասիրական կոչերին։

Անձեր, ովքեր, ի հակադրություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի, զբաղված են միայն հանրային տիրույթներում իրենց պես չմտածող մարդկանց վարկաբեկելով: Անձեր, ովքեր, հաշվի չառնելով մեր ժողովրդի բուն թշնամիների, ինչպես նաև այս օրերին ողջ մարդկության թշնամի համավարակի դեմ պայքարի անհրաժեշտությունը, թշնամիներ են փնտրում յուրայինների մեջ՝ մեկ անգամ ևս թիրախավորելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Երանի Ձեր կյանքում Հայոց Հայրապետի՝ իր ժողովրդի և իր երկրի համար արածների մեկ տոկոսն արած լինեիք: Գոնե պարծենալու և հպարտանալու առիթ կունենայիք. չնայած, որ երկուսն էլ մեղք են համարվում: Մնում է միայն հարցնել. պետական և հանրային այդ գործիչներն արդյոք ունե՞ն ազգային և պետական մտածողություն, թե առաջնորդվում են միայն նեղ անձնական ինչ-ինչ շահերով:

Սիրելինե՛ր, բարի եղեք հիշել նաև Հայոց Հայրապետի բոլոր ժամանակներում չդադարող կոչերը միմյանց սիրելու, հարգելու և իրար նկատմամբ հանդուրժող լինելու մասին: Քանի որ դրանցով է պայմանավորված մեր միասնականությունը և դրանցով ենք հաղթահարել և հաղթահարելու մեր երկրի ու մեր ազգի առջև ծառացած բոլոր դժվարություններն ու նեղությունները:

Ճակատագրի բերումով մեր ժողովրդի մեծագույն մասն ապրում է Հայրենի սահմաններից հեռու՝ իր սրտի և հոգու մեջ ամուր պահելով Հայրենիքի հանդեպ սերը: Մենք էլ՝ ապրելով և հոգևոր ծառայություն իրականացնելով Եվրոպայի ոչ պահպանողական բարքերի պայմաններում, մշտապես առաջնորդվում ենք ազգային բարձր գիտակցությամբ,  և նույն գիտակցությունն ու ոգին ենք փորձում փոխանցել մեր սերունդներին՝ լինելու ազգանվեր, եղբայրասեր, եկեղեցասեր ու աստվածավախ:

Սակայն տարակուսանք է առաջանում, որ մեր եկեղեցու և նրա հոգևորականաց եկեղեցանվեր ու ազգապահպան սպասավորությանը զուգահեռ Հայրենիքում գտնվում են պետական պաշտոնյաներ, որոնք իրենց թույլ են տալիս անզուսպ և անպարկեշտ արտահայտություններ անել Հայոց Հովվապետի հասցեին: Հովվապետ, ով իր հոգևորականաց դասին իր օրինակով միշտ հորդորում է՝ լինելու Հայոց Պետության և Պետականության կողքին, աշխարհի բոլոր անկյուններում բարձր պահել Հայաստանի և Հայի անունը, հոգևոր ծառայության կողքին զբաղվել նաև Հայրենիքին ու հայ ժողովրդին հուզող խնդիրներով:

Նման քայլերով ու արտահայտություններով որոշ պաշտոնյաներ հարցականի տակ են դնում նաև մեր ազգապահպան ու հայրենանվեր ողջ ծառայությունը: Մեր բոլոր պետական այրերին և հասարակական գործիչներին հորդորում ենք  զուսպ լինել և չդրսևորել նման պարսավելի վերաբերմունք Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ։

Եվ միշտ հիշե՛ք, որ «Այն, ինչը մեզ չի սպանում, մեզ ավելի է զորացնում»:

Մենք զորավիգ ենք մեր Հայրապետին և միանում ենք Նրա խաղաղասեր և ազգասեր բոլոր կոչերին և Հայոց Հորը մաղթում ենք երկար արևշատ գահակալություն և հաջողություններ ազգապահպան, եկեղեցաշեն և պետականամետ բոլոր իրագործումների մեջ»։