Մի խումբ մարդիկ բնապահպանության քողի ներքո կարող են ձախողել հսկայական ներդրումներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News 

ամուլսար

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․ 

«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունն իր մտահոգությունն է  հայտնում երկրի տնտեսության հիմնասյուներից մեկի՝  հանքարդյունաբերության  ոլորտի հանդեպ պարբերաբար կրկնվող անպատասխանատու և հակաօրինական  գործողությունների պատճառած բացասական լրջագույն հետևանքների  կապակցությամբ։

Ամենատարբեր խմբերի կողմից հետևողականորեն փորձ է  արվում այլևայլ պատճառաբանություններով տապալել կամ խափանել այս կամ այն հանքարդյունաբերական ընկերության բնականոն գործունեությունը: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ մի խումբ մարդիկ բնապահպանության քողի ներքո անհիմն մեղադրանքներով  կարող են ձախողել հսկայական ներդրումներ և հարյուրավոր աշխատատեղեր ապահովող ընկերությունների բնականոն գործունեությունը։ 

Վերջին դեպքը Գեղամասար խոշորացված համայնքի մի խումբ բնակիչների  Վարդենիս-Քարվաճառ միջպետական ճանապարհը փակելու ակցիան էր։ Արդեն 2 տարի շրջափակված են Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհները, նույն պատկերն է Ախթալայի ԼՀԿ-ում և այլուր: Պարբերական են ոլորտի վերաբերյալ տարածվող կեղծիքներն ու զրպարտանքները։

Ժամանակն է քայլեր ձեռնարկել և թույլ չտալ, որ ապօրինությունների այս վարակը՝ տարածվելով վերածվի  հանքարդյունաբերության ոլորտի գործունեության ձախողման անկառավարելի ու վտանգավոր միջոցի, որի հետևանքները կարող են  անդառնալի լինել երկրի տնտեսության համար:

Միայն այն փաստը, որ վերջին կես  տարվա ցուցանիշներով ոլորտի արդյունահանման ծավալները աճել են մոտ 30%-ով,  իսկ արտահանումը կազմում է երկրի ընդհանուր արտահանման ծավալների 34%-ը, իր վրա է կրում երկրի խոշոր հարկատուների վճարած հարկային բեռի գրեթե 10%-ը,  ուղղակի աշխատատեղով է ապահովում ավելի քան 10 հազար մարդու (հարակից ոլորտների ներգրավվածությամբ՝ գրեթե 60 հազար) պետք է սթափեցնի իր երկրի համար մտահոգ ցանկացած մարդու, որովհետև սա նշանակում է, որ հատկապես  ճգնաժամային իրավիճակներում տնտեսության միակ ամուր հենարանը մնում է հանքարդյունաբերությունը:

Հանքարդյունաբերողներն այսօր պետական համապատասխան մարմինների հետ միասին ջանքեր են գործադրում ոլորտի գործունեությունն առավել թափանցիկ,  բնապահպանական տեսանկյունից կանխատեսելի ու կառավարելի դարձնելու ուղղությամբ: Վերջերս Հայաստանը` այդ թվում և հանքարդյունաբերողների ջանքերով, միացավ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը:

Այս հարթակը հնարավորություն է տալիս կառավարությանը, քաղաքացիական հասարակությանը, ինչպես նաև հանքարդյունաբերողներին՝ բոլոր խնդիրները, մտահոգող հարցերը լուծել կառուցողական մթնոլորտում և խստագույնս օրենքի  շրջանակներում։ Չի կարելի թույլ տալ, որ առանձին խմբեր՝ առաջնորդվելով  իրենց ունեցած գիտելիքներով, կասկածներով կամ ուղղակիորեն ուղղորդվելով  այլևայլ շահերով, ապօրինաբար ազդեն պետական բյուջեի եկամուտների և հազարավոր մարդկանց գոյատևման համար կենսական նշանակություն ունեցող ընկերությունների բնականոն գործունեության վրա։

Կոչ ենք անում և պահանջում ենք  վերջ տալ ոլորտի հանդեպ անպատասխանատու  մոտեցումների նկատմամբ անվճռական արձագանքին, կանխել «բնապահպանական մտահոգությունների» անվան տակ հակաօրինականության տարբեր դրսևորումները և  բնապահպանական իրական կամ ենթադրյալ խնդիրներին լուծում տալ պատկան մարմինների միջոցով՝ օրենքի շրջանակներում։

Հանքարդյունաբերությունը հանցագործություն չէ, այն հարստություն է, որը  պետք է կառավարել խելամտորեն, հաշվարկված և գրագետ՝ կորզելով հնարավոր  օգուտները և չեզոքացնելով հնարավոր  վտանգները, այնպես, ինչպես դա արվում է  բազմաթիվ բարեկեցիկ, զարգացած և բնապահպանական առումով  նդօրինակելի երկրներում։

Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը. անսալ մասնագիտական հանրույթի խոսքին և  տուրք չտալ երկրի տնտեսությունը սնող աղբյուրը պղտորողների անհիմն  պահանջներին»:

-- 00—ՄՀ