Երթուղային տաքսու վարորդները հարկադիր պարապուրդի են մատնված. նրանք բողոքի ակցիա են արել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

բողոք

Երթուղային տաքսիների ավելի քան 250 վարորդ այսօր բողոքի ակցիա է արել: Նրանք դժգոհ են, որ արտակարգ դրության ընթացքում հարկադիր պարապուրդի են մատնված և ներգրավված չեն կառավարության սոցիալական ծրագրերում: Եթե հարցին լուծում չտան, ապա որոշել են գնալ կառավարություն՝ բողոքի, իսկ նախքան դա ցուցարարները պահանջել են, որ կառավարությունից մարդ գա, բացատրություն տա ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

«Ոչ թռչուն եմ՝ թռնեմ, գնամ, ոչ էլ անասուն եմ՝ խոտ ուտեմ, հաց տվեք։ Տանը միակ աշխատողը ես եմ, երեխեքին ինչ ասեմ, ասեմ մի ամիս հաց մի կերե՞ք։ Որ շոֆեռ ենք, մեզ բանի տեղ չեն դնում», - ասել է վարորդներից մեկը։

«Մուատ» ՓԲԸ երթուղայինի վարորդները դիմել են նաև իրենց տնօրինությանը, որտեղից էլ ասել են՝ եթե կառավարությունը փոխանցի, իրենք էլ կփոխանցեն։

«Եթե կառավարությունը չի փոխանցում, ծրագիր չի հատկացնում տրանսպորտի ոլորտին, տնօրինությունն ինչ պետք է մեզ պատասխանի», - վարորդներին ասել են տնօրինությունից։

Նշենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով պարետը որոշել է ժամանակավորապես կասեցնել երթուղայինների գործունեությունը։