Երբ մենք տանը նստենք, արդեն ձեզ համար ուշ կլինի. «Նորքի» բժիշկը դիմել է բնակչությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

նորքինֆեկցիոն

«Ես չեմ տեսնում իմ երեխաներին, կնոջս միայն այն բանի համար, քանի որ 24-ժամյա ռեժիմով ողջ թիմով աշխատում և շփվում ենք կորոնավիրուսի ախտանիշներով, թե՛ հաստատված թե՛ կասկածվող հիվանդների հետ»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկ-վարակաբան Աշոտ Պապիկյանը։

Վարակաբանը մեկնաբանել է, որ տված երդումը նրան թույլ չի տալիս չբուժել հիվանդներին, մերժել նրանց.«Արդեն 13 օր է, ինչ ես և մեր գրեթե ողջ անձնակազմը մեկուսացել ենք»: 

Պապիկյանը, սակայն, ապշած է, թե ինչ է կատարվում Երևանի փողոցներում հիմա. «Բոլորն այնպես են ապրում, կարծես բան չի եղել:

«Հիմա ինչո՞ւ չեք նստում տանը։ Եթե դուք տանը չնստեք, ապա տանը կնստեն բժիշկները ու ոչ միայն տանը…
Հավատացեք, ոչ ոք ապահովագրված չէ, հատկապես բուժանձնակազմը, քանի որ ամեն վայրկյան հիվանդների հետ սերտ շփման մեջ է։ Բժիշկներն էլ են ուզում տուն գնալ։

Ու երբ մենք տանը նստենք, արդեն ձեզ համար ուշ կլինի։ Հետո չասեք՝ եկեք գործի, մենք վատ ենք….
Մտածեք, մի քիչ մտածեք…. Մենք մնացինք աշխատելու՝ հանուն ձեզ, դուք մնացեք տանը՝ հանուն մեզ»,- գրել է բժիշկ-վարակաբանը։