ԱԺ-ի օրենսդրական նախաձեռնությունները գնահատում եմ որպես անվտանգության սպառնալիք․ Ղազինյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է ԱԺ ներկայացված՝ սահմանադրական օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնություններին․

«ՀՀ վարչապետ, «Իմ քայլը» խմբակցության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կողմից ԱԺ ներկայացված հայտնի օրենսդրական նախաձեռնությունները գնահատում եմ որպես ազգային անվտանգության, ներքին կայունության և պետական կարգի լրջագույն սպառնալիք:

ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաստաթուղթը պետք է բավարարի 3 առանցքային նշանակություն ունեցող չափանիշներին.

1. Համապատասխանի գործող Սահմանադրությանը;

2. Համապատասխանի Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին;

3. Վայելի քաղաքական և հասարակական լայն շերտերի հավանությունն ու համաձայնությունը:

Առաջին 2 չափանիշներին բավարարելու մասին վերջնական իրավական գնահատական ներկայացնելու բացառիկ իրավասությունը պատկանում է ՀՀ Սահմանադրական դատարանին, իսկ երրորդ չափանիշը բավարարվում է նախագծի մշակման ընթացքում կազմակերպվող հանրային քննարկումների և քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում:

Ցանկացած փորձ շրջանցել նշված չափանիշները կարող է որակվել որպես իշխանության ուզուրպացիա` համապատասխան քրեա-իրավական որակումով և անխուսափելի քրեական պատասխանատվությամբ»: